Հեղուկ գազի շուկայում ստեղծված վիճակը պետական ապարատի անգործության հետևանք է. Բաբկեն Պիպոյան
Տնտեսություն
15:31 28/04/2026
Հայաստան

Հեղուկ գազի շուկայում ստեղծված վիճակը պետական ապարատի անգործության հետևանք է. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն այս օրերին մեծ թվով բողոքներ ու դժգոհություններ է ստանում քաղաքացիներից շուկայում հեղուկ գազի պակասի ու թանկացման վերաբերյալ։

«Բողոքների թիվն ավելացավ հատկապես անցած շաբաթ և կիրակի օրերին, երբ արդեն դեֆիցիտ ու թանկացում էր նկատվում։ Մենք մշտապես ասել ենք, որ պետական մարմինները պետք է ունենան ճգնաժամային կառավարման պլան։  Հերթական անգամ մեր քաղաքացիները բախվեցին պետական ապարատի անգործության հետևանքներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, ըստ էության, Իրանի դեմ պատերազմով պայմանավորված,  աշխարհում նավթի գներն աճել են, վառելիքի շուկայում բացասական կանխատեսումներ կան, բավական էր մի լրացուցիչ գործոն, և խնդիրներ էին առաջանալու։

«Լրացուցիչ գործոնը եղավ, Լարսում խնդիրներ եղան, ու մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ չկան ռազմավարական պլան, հաշվառում, թե որքան է մեր պահուստը, քանի՞ օր կհերքի, ինչքա՞ն կարող է  Լարսը փակ մնալ,  վառելիքը Հայաստան բերելու համար ի՞նչ այլընտրանքային ճանապարհներ կան։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց ՀԿ ղեկավարը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում առաջին անելիքն էկոնոմիկայի նախարարությանն է՝ բիզնեսի հետ աշխատել, բիզնեսին աջակցել, հանրապետությունում առկա վառելիքի հաշվառում իրականացնել, այլընտրանքային շուկաների ու ճանապարհների հարցը քննարկել։

«Երբ ասում ենք, պետք է լինի ռազմավարական պլան, դա նշանակում է «եթե, ..ապա»-ների մի հսկա շղթա։ Ընդամենը մի շղթա նկարագրեմ, Ռուսաստանում գազ չկա կամ կա, թույլ չի տալիս Ադրբեջանով բեռները գան, կամ Ադրբեջանով չենք կարողանում բերել, Վրաստանում պահուստ կա՞, թե՞ չկա, եթե կա, մեզ կարո՞ղ են ժամանակավորապես հեղոկ գազ տրամադրել, հետո վերադարձնենք... Շատ կարևոր է, որ գործադիրը շատ գործ անի, ոչ թե շատ խոսի։ Մեզ մոտ հակառակն է։ Խնդրի դեպքում էլ այնքան չեն խոսում, որ քաղաքացիները հիշում են ամիսներ առաջ Պուտին-Փաշինյան հանդիպումն ու դրա ժամանակ գազի գնի մասին հայտարարությունները, որը հեղուկ գազի հետ բացարձակ կապ չունի։ Մարդիկ երբ տեսնում են, որ որևէ մեկը չի արձագանքում, սկսում են պատճառներ փնտրել։ Ամենահեշտը տնտեսական հարցը քաղաքական օրակարգ բերելն ու քննարկելն է»,-ասաց Պիպոյանը։

Նշենք, որ քիչ առաջ էկոնոմիկայի նախարարությունը հանդես եկավ քաղաքացիներին առավել հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններով, մասնավորապես նշելով, որ  Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Բ. Պիպոյանի պնդմամբ, էկոնոմիկայի նախարարությունը նման պարզաբանմամբ պետք է հանդես գար նախապես 10 օր առաջ, որպեսզի քաղաքացիների մոտ խուճապային վարք չլիներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder