Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին որպես հյուր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, և սա առաջին դեպքն է եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր, երբ ոչ եվրոպական երկիր է մասնակցում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, գագաթնաժողովը կանցնի «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։
«Աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում առաջնորդները կքննարկեն, թե ինչպես ավելի սերտորեն համագործակցել և համակարգել գործողությունները՝ ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու, կապակցվածությունը խթանելու և տնտեսական ու էներգետիկ անվտանգությունը ամրապնդելու համար», - նշված է Եվրահանձնաժողովի կայքում։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի է ունենալու մայիսի 4-ին Երևանում։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքին մասնակցող պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդարանի նախագահը։
Մասնավորապես, գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Սակայն դեռ անցած շաբաթ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն հայտարարել էր, որ առայժմ ոչ Բաքվից, ոչ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումները մեկնարկել են 2022-ից։ Մինչ այդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Ալբանիան։