Առաջին անգամ եմ լսում, որ կենսաչափական անձնագրերի գործող համակարգն աղերս չունի միջազգային ստանդարտների հետ. Հովհաննես Քոչարյան
Իրավունք
17:59 29/04/2026
Հայաստան

Առաջին անգամ եմ լսում, որ կենսաչափական անձնագրերի գործող համակարգն աղերս չունի միջազգային ստանդարտների հետ. Հովհաննես Քոչարյան

Ինչո՞ւ է ներդրվում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այս հարցին ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մի քանի հիմնավորումներ է ներկայացրել, օրինակ, նա նշել է, որ այն ենթակառուցվածքը, որը հասանելի է եղել 2022 թվականին Հայաստանում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, դա կնպաստի, որ մեր քաղաքացիները կարողանան շատ ավելի արժանապատիվ ճանապարհորդել և այլն, և այլն։

Ներկայացրած հիմնավորումների, համակարգի փոփոխման անհրաժեշտության ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ։

«Կենսաչափական համակարգի ներդրման մասով պատասխանատու էր ԷԿԵՆԳ-ը (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ), որը նաև պարտավորվել էր ապահովել նաև կենսաչափական անձնագրերի՝ միջազգային չափանիշների համապատասխանության հարցը։ Ոստիկանությունն ավելի շատ իրավական մասն էր ապահովում պայմանագրի հետ կապված ու օգնում էր, որ համակարգը ներդրվեր։ Այդ պատճառով հարցի պատասխանն ավելի շուտ գրասենյակը կտա, բայց ինչքանով ես տեղյակ եմ և հիշում եմ, ինքս այդ ոլորտի օրենսդրության նախապատրաստման աշխատանքներին ուղիղ մասնակցություն եմ ունեցել, կային եվրոպական իրավասու կազմակերպություններից եզրակացություններ այն մասին, որ համակարգը համապատասխանուն է միջազգային ստանդարտներին, ավելի հստակ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ Այն գաղափարը, որ աղերս չեն ունեցել միջազգային ստանդարտների հետ, առաջին անգամ եմ լսում, ես, ճիշտն ասած, երբևէ նման կարծիք չեմ լսել։ Կրկնում եմ, որ իմ այս տեղեկությունները կարող են ստուգել հանգիստ՝ ԷԿԵՆԳ-ին հարցում կատարելով, ես անձամբ այդ եզրակացությունները տեսել եմ»,-ասաց Հովհաննես Քոչարյանը։

Նախկին փոխոստիկանապետը չափազանցված է համարում այն հայտարարությունը, թե կենսաչափական գործող համակարգն աղերս չի ունեցել միջազգային չափորոշիչների հետ։

«Այդ դեպքում ո՞րն էր կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակը, եթե այն չպետք է համապատասխաներ ICAO-ի պահանջներին։ Ի՞նչ խնդիր էր դրանով լուծվելու։ Եթե տեղի չի ունեցել գլոբալ խաբեություն, ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը պետք է ճշտվի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հիմնավորումների այն հատվածին, որտեղ ՆԳ նախարարը խոսում է  քաղաքացիների՝ շատ ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորության մասին, ապա Հովհաննես Քոչարյանը հիշեցրեց, որ կենսաչափական անձնագրերի ներդրումից հետո գործածությունից չհանվեցին հին անձնագրերը, քանի որ դրանց ձեռքբերումն ավելի մատչելի էր քաղաքացիների համար։

«Բայց ես չեմ հիշում մի դեպք, երբ քաղաքացին Եվրոպայում որևէ սահմանային կետով անցնելիս ունենար արժանապատվության կորուստ այն պատճառով, որ հին անձնագրով է ճամփորդել։ Սպասարկման ռեժիմը երկու պարագում էլ նույն է եղել, սահմանային անցակետերում մեր քաղաքացիները վերաբերմունքի տարբերություն չեն ստացվել։ Ինչպես հին անձնագիր, այնպես էլ կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները սպասարկվել են հավասար ձևով»,-ասաց նա։

Հ. Քոչարյանը հիշեցրեց, որ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը վիզաների ազատականացման ծրագրի մի մաս էր, բազմաթիվ պահանջներից մեկն էլ եղել է այն մասին, որ նախընտրելի է ՀՀ քաղաքացիներն ունենան կենսաչափական անձնագրեր, քանի որ դրանք կեղծիքներից ավելի լավ են պաշտպանված։  

«Որևէ այլ խնդիր չի եղել, սահմանային անցումների, քաղաքացիների ազատ տեղաշարժի խնդիր չի եղել»,-ասաց նա։

Քոչարյանն ընդգծեց, առավել հիմնավոր կհնչեին, օրինակ, այն պատճառաբանություններն ու հիմնավորումները, երբ ասեին, բիոմետրիկ համակարգի թարմացման կարիք կա, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում հիմա, անվտանգության չափանիշները կատարելագործվում են, քաղաքացիների սպասարկման տեխնիկական ասպեկտն է  արագանում։

«Ես սրանք կհամարեի ծանրակշիռ պատճառաբանություն։ Ես ինքս էլ կարծում եմ, որ մեր բիոմետրիկ համակարգը փոփոխության կարիք ուներ, սպասարկման տեխնիկական մասը բարձր ստանդարտներին չէր համապատասխանում, այն ժամանակ որ նոր էինք ներդնում, նորմալ էր։ Բայց այն հայտարարությունը, որ այդ համակարգն աղերս չի ունեցել միջազգային ստանդարտների հետ, կարծում եմ՝ ստուգման ենթակա է, քանի որ ԷԿԵՆԳ-ը այլ եզրակացություններ էր տրամադրում ոստիկանությանը, կառավարությանը, այն ուներ իր ձեռքի տակ եզրակացություններ, որոնք ես տեսել եմ։ Առանց դրանց համակարգն ուղղակի չէր կարող շահագործվել»,-մանրամասնեց Հ. Քոչարյանը։

Հարցազրույցի մանրամասներն ավելի ուշ՝ ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder