Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կստեղծվի աղքատության հաղթահարման հիմնադրամ, հինգ հոգանոց ընտանիքն ամսական կստանա 150 հազար դրամ աջակցություն. Նարեկ Կարապետյան
«Այսօր մենք պետք է ներկայացնենք այնպիսի ծրագիր, որը շատ կարևոր է, ինչպես նշել էի՝ հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում»,- կուսակցության անդամների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ Հայաստանն աղքատ երկիր է, տառապում է վարկերի տակ։
«Այս աղքատ հոգով կառավարությունը կարող էր օգտվել տարածաշրջանային խնդիրներից և լուծել այս հարցերը գոնե 8 տարվա ընթացքում, բայց այս կառավարությունը դա փոխարինեց ավտոբուսների մեջ պարելով, հրապարակներում անահասկանալի համերգներով։ Բայց մենք շատ ուշադիր ենք լինելու այս հարցի նկատմամբ, ոչ թե պետական բյուջեն լցնելու ենք սեփական գրպանները, այլ ամեն ինչ անելու ենք, որ լցնենք մեր ժողովրդի գրպանները։
Առաջին հերթին մեր երկրում պետք է վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս հարցերին շատ արագ լուծում տալու համար։ Դրա համար ունենք կոնկրետ ծրագրեր, վստահ եմ՝ իմ ասած 24-ժամյա աշխատանքային ռեժիմով կարող ենք կարճ ժամանակում ունենալ առանց աղքատության երկիր»,- ասել է Ս. Կարապետյանը։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են հաղթահարելու աղքատությունը Հայաստանում. «Ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու փոքր մասով պետությունը, մեծ մասով տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները։ Դրա արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ դեպքերում այսօր ամբողջ ընտանիքով պետությունից ստանում են ընդամենը 20-30 հազարա դրամ աջակցություն, հինգ հոգանոց ընտանիքն աղքատության հաղթահարման հիմնադրամից ամսական կստանա 150 հազար դրամ աջակցություն, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից»։
Հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը նաև ասել է՝ մեկ շաբաթից հայտարարելու են իրենց հաջորդ շատ հետաքրքիր ծրագիրը, որն իրականացնելու հնարավորությունը ունենալու է միայն իրենց կառավարությունը։