Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախագծով առաջարկվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել արտաքին հետախուզության տղամարդ ծառայողներին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը:
ԱԺ-ից նշում են, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները եւ ապահովել ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը:
Ծառայության պետի տեղեկացմամբ, նախագծի նպատակն է օրենքով հստակ կարգավորել ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները, բացառել օրենքի տարբեր հոդվածների միջեւ առկա տարընկալումը եւ ատեստավորման գործընթացի մասով ապահովել հստակություն ու իրավական որոշակիություն:
ԱՀԾ ծառայողներին հատկացվող արձակուրդների շարքում առաջարկվում է ավելացնել նաև հայրության նպատակային արձակուրդի տեսակը, ինչպես նաև՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ հատկացնել նաև ծառայության տղամարդ ծառայողներին: Միաժամանակ, հաշվի առնելով այլ մարմիններում կիրառվող փորձը և Արտաքին հետախուզության ծառայությունում իրականացվող ծառայությանը բնորոշ առանձնահատկությունները, առաջարկվում է ծառայողին հատկացնել 15-25, և 25 ու ավելի տարի ծառայելու դիմաց լրացուցիչ արձակուրդ՝ ծառայությունում երկարատեւ ստաժի առկայության ու դրան համարժեք հանգստի ժամանակի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Նախատեսվում է հստակեցնել ծառայության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, զենքի եւ հատուկ միջոցների կիրառման դեպքերը, սահմանել լիազորող նորմ Արտաքին հետախուզության ծառայության պետի կողմից զենքի եւ հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման եւ պահելու կարգը սահմանելու մասին: Միաժամանակ, ձերբակալելու համապատասխան իրավասություն է վերապահվում ծառայությանը, որի նախատեսման իրավական հնարավորությունը բխում է եւ համահունչ է հետեւյալ իրավական ակտերին: Առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ:
Փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է քննարկել հատուկ ընթացակարգով՝ ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: