Հայաստանում ԶԼՄ-ների դեմ ուղղված հռետորաբանությունը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը. RSF
Քաղաքական
13:22 30/04/2026
Հայաստան

Հայաստանում ԶԼՄ-ների դեմ ուղղված հռետորաբանությունը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը. RSF

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսը։ Ըստ կազմակերպության,  Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 34-րդ հորիզոնականից  հայտնվելով 50-րդում։ Այն հիմա դասակարգվում է որպես «խնդրահարույց» երկիր։

«Չնայած Հայաստանի՝ մեդիա լանդշաֆտի բազմազանությանը, լրատվամիջոցները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը սնվում է ներքին քաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի բարդ դիրքորոշմամբ»,-նշված է զեկույցում։

Կազմակերպությունն ընդգծում է՝ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:

«Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության խնդիրը: Պետական ​​տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն)»,-նշում են զեկույցի հեղինակները։

Զեկույցում նշվում է, որ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած անձանց կամ աջակցություն են ստանում ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: Քիչ լրատվամիջոցներ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելներ, գովազդային շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: Միևնույն ժամանակ, պետական ​​լրատվամիջոցները խուսափում են կառավարությանը ուղղված որևէ քննադատությունից:

Որպես մասնագիտություն՝ լրագրությունը նսեմացվում է և ենթարկվում անհանգստացնող չափերի ատելության խոսքի: Քաղաքական վերնախավի կողմից լրատվամիջոցների դեմ ուղղված հռետորաբանությունը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը: Նրանք անընդհատ վիրավորվում են, հարձակվում և ենթարկվում են վիրավորական զրպարտության դատավարությունների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը։

Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ»,-ասված է զեկույցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում ԶԼՄ-ների դեմ ուղղված հռետորաբանությունը ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը. RSF