Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բաքվում Եվրամիության (ԵՄ) դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և նրան բողոքի նոտա է ներկայացվել Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևի կապակցությամբ, հաղորդում է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի ապրիլի 30-ի բանաձևում մեր երկրի դեմ անհիմն և կողմնակալ դրույթները։ Այս առումով դեսպանին բողոքի նոտա է ներկայացվել։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ Եվրախորհրդարանի նման մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա», -ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ արցախահայերի վերադարձի վերաբերյալ բանաձևի պնդումները, իբր, լիովին անհիմն են, և որ նման կոչերը համարվում են միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։
Պաշտոնական Բաքուն նաև պնդել է, որ արցախահայերը իբր կամավոր լքել են իրենց պատմական բնօրրանը՝ «կեղծ անվանելով հակառակը պնդող հայտարարությունները»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև հերքել է Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը՝ «իրավաբանորեն անընդունելի անվանելով հայ ծագումով անձանց ազատ արձակելու կոչերը, որոնք ներկայացվել են որպես «ռազմագերիներ»։
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քվեարկություն է տեղի ունեցել Հայաստանի մասով բանաձևի վերաբերյալ, որով վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրմանը տանող բարեփոխումներին։ Բանաձևն ընդունվել է 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով։
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում բանաձևը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում կնքել համապարփակ խաղաղության համաձայնագիր՝ հիմնված սահմանների ինքնիշխանության և անձեռնմխելիության վրա։