Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հասարակություն
17:50 01/05/2026
Հայաստան

Բագրատաշենի անցակետում կուտակումներ են

Հայաստանում ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ շատերը նախընտրել են իրենց հանգիստը կազմակերպել Հայաստանից դուրս։ Հատկապես մեծ հոսք է նկատվում դեպի Վրաստան, ինչով պայմանավորված կան կուտակումներ Բագրատաշենի անցակետում։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը հաստատել տեղեկությունը` նշելով, որ այս օրերին շատերը մեկնում են Վրաստան ու հիմնականում նախընտրում են Բագրատաշենի անցակետը։

«Այո, մեծ հոսք կա ու առկա են կուտակումներ, ամեն ջանք գործադրվում է արագ սպասարկելու համար, սակայն հորդորում ենք մեր քաղաքացիներին նման խնդիրներից խուսափելու համար ընտրել նաև Բավրայի կամ Գոգավանի անցակետերը և հատկապես սա նկատի առնել վերադարձի ժամանակ», -նշել է ՊԵԿ մամուլի խոսնակը։  

Հայաստանում այսօր նշվում է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, որը Հայաստանում ոչ աշխատանքային է։ Մայիսի 2-ին և 3-ին հանգստյան օրերն են, իսկ մայիսի 4-ը կառավարության որոշմամբ սահմանվել է ոչ աշխատանքային օր՝ պայմանավորված Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder