«Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են ճանապարհն ու դուրս եկել բողոքի
Հասարակություն
13:33 01/05/2026
Հայաստան

«Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են ճանապարհն ու դուրս եկել բողոքի

Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում գտնվող «Վերածնունդ» թաղամասի մի քանի շենքների բնակիչներ դուրս են եկել խաղաղ բողոքի ակցիայի՝ դժգոհելով ճանապարհային ոչ պատշաճ կարգավորումներից, պահանջելով ապահով ու անվտանգ երթևեկության ապահովում։ Փակ ճանապարհի հատվածում թաղամասի երեխաները կավիճով հետիոտնային անցումներ են գծում։

Լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկը՝ Արմինե Եփրեմյանը նշեց, որ խնդիրը բնակիչների անվտանգությունն է։ Փողոցի հանդիպակած մայթին տեղադրված է կանգառասրահ, սակայն թաղամասից կանգառ տանող հետիոտնային անցում չկա, գծանշումներ չկան։

«Մի քանի անգամ բնակիչները համատիրության հետ դիմել են Երևանի քաղաքապետարանին, սակայն ստացել են անբովանդակ պատասխաններ, խոստացել էին խնդիրը լուծել մինչև սեպտեմբերի 1-ը, սակայն այդ պատասխանից հետո երկու սեպտեմբերի 1 է անցել»,-ասաց նա։

Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, երբ ուրիշ երկրներում նոր թաղամաս են կառուցում, մեծ ուշադրություն են դարձնում հանրային տրանսպորտի ապահովման խնդրին, սակայն «Վերածնունդ»-ի մոտ 4 հազար բնակիչներ զրկված են հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից։

«Մենք ուզում ենք, որ ապահովվի մեր ազատ տեղաշարժի իրավունքը։ Հանդիպել ենք Տիգրան Ավինյանին, դիմել ենք թաղապետարան, տարբեր պետական մարմիններ ներկայացրել ենք դիմումներ։ Քանի որ ոչ մեկից նորմալ պատասխան չենք ստացել, մեզ էլ հաճելի չէ, բայց իջել ենք ու փակել ճանապարհը։ Իմ երեխաներն ամեն օր Ֆիզմաթ դպրոց են գնում ու վերադառնում վտանգավոր ճանապարհով։ Սա անվտանգության խնդիր է»,-ասաց մեկ այլ բնակիչ։

Մեկ այլ տղամարդ բնակիչ առաջարկեց այդ հատվածում վերգետնյա անցում կառուցել։ Սակայն քաղաքապետարանից այս առաջարկին պատասխանել են, որ բյուջե չկա դրա համար։ Ըստ քաղաքացիների, դիմացի մայթ հասելու համար ամեն անգամ պահանջվում է 20-25 րոպե։

«Ամեն անգամ հասնում ենք ոտքով Լենինգրադյան փողոց, հետո Մարզահամերգային համալիր, որպեսի անցնենք փողոցի մյուս կողմ։ Քաղաքը մեծացել է, բնակիչները շատացել են, պետք է լուծումներ գտնեն»,-ասաց բնակիչը։

Ակցիայի վայր ժամանած ոստիկանը հույս հայտնեց, որ բողոքը կհասնի պատկան մարմիններին, առաջարկեց բացել ճանապարհը։ Ի պատասխան, բնակիչները հայտնեցին, որ հաջորդ ակցիան նախատեսում են անցկացնել հունիսի 1-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են ճանապարհն ու դուրս եկել բողոքի