Անցյալը մոռացողն ապագա չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
14:05 01/05/2026
Հայաստան

Անցյալը մոռացողն ապագա չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Երևանի բնակիչների հետ շարունակվում են։ Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացել է  հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։

Հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։

«Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները։

Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն։ Կարևորը՝ չլինել անտարբեր և միասին, քայլ առ քայլ, կերտել փոփոխությունը»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։ 

ԲՀԿ ղեկավարն ասել է, որ ուզում է հայ ազգը խեղճությունից դուրս գա. «Այսօր ոչ մի մարդ, ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող անել, պետք է ազգովի համախմբվել։ Ինչքան բանիմաց մարդիկ կան, մեծամասնությունը երկրից գնացել են։ Պետք է խնդրենք, բերենք, մարդիկ աշխատեն»։ 

Նա կրկնել է, որ չի ուզում վարչապետ լինել, հրաժարվել է, պետք է լինի ապագայի վարչապետ. «Ես ուզում եմ իմ երկիրը հզոր լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, երեխաներիս ապագան փայլուն լինի։ Իսկ դա հնարավոր է։ Ամեն ինչ դեռ կորցրած չէ»։

Ըստ Գ. Ծառուկյանի, վստահելի չէ այսօրվա իշխանության բերած խաղաղությունը. «Կարող է սեպտեմբերին պատերազմ լինի, Սահմանադրությունը պետք է փոխվի, ռիսկ չեն անում Մասիս սարին նայել, Ցեղասպանությունից չեն խոսում... Բայց մենք մեր անցյալը կարո՞ղ ենք մոռանալ։  Մենք մեր անցյալը չենք կարող մոռանալ, անցյալը մոռացողն ապագա չի կարող ունենալ»։ 

«Միշտ հավանել, հարգել եմ ձեզ, ձեր գործունեությունը, պատրաստ եմ երկու ձեռքով ձայն տալ ձեզ»,- ասաց Գ. Ծառուկյանի հետ հանդիպման եկած Ռոզա տատիկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցյալը մոռացողն ապագա չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան