Դադարեցի՞նք մահից վախենալուց, դադարեցի՞նք իրար ատելուց. Ցավոք, ոչ. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Հասարակություն
20:55 02/05/2026
Հայաստան

Դադարեցի՞նք մահից վախենալուց, դադարեցի՞նք իրար ատելուց. Ցավոք, ոչ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Այսօր Դվինի Միջնաբերդի հարևանությամբ վեր խոյացող Սուրբ Հարություն եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց նրա օծման 26-րդ տարեդարձը։

Տոնական օրը մեկնարկեց Սուրբ և Անմահ Պատարագով։ Եկեղեցու կամարների ներքո, հոգևոր դասի, բազմաթիվ հավատացյալների և ուխտավորների մասնակցությամբ, առ Աստված բարձրացավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարօր կյանքի համար։

Թեմից հայտնում են՝ պատարագի ընթացքում ներկաներին հոգևոր պատգամ հղեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ ընդգծելով հավատքի կենսական դերը մեր ժողովրդի կյանքում։

«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ և դվնեցիներ, այսօր մենք հավաքվել ենք պատմական մի վայրում՝ Սուրբ Հարության տոնի խորհրդով օծված այս հոյակերտ տաճարում։ Սակայն հոգևոր ցնծությանը գումարվում է նաև մի հուզիչ պատմական զգացողություն. այս տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։

Այս վայրը տեսել է բազում իրադարձություններ՝ հաղթանակներ ու պարտություններ, կյանք ու մահ, բայց այսօր այն կանգնած է հաղթանակած՝ Հարության խորհուրդը կրող գմբեթի ներքո։ Այստեղով անցել են մեր ուրարտացի նախնիները, այստեղ մեր հեթանոս հայրերը մատուցել են իրենց պաշտամունքը։ Սա եղել է «Ոստան Հայոցը»՝ թագավորանիստ ու կաթողիկոսանիստ կենտրոնը, որտեղ Սուրբ Հովհան Մանդակունին իր պատմական ճառն է արտասանել Նվարսակի հաշտությունից հետո։ Այստեղ նստել են մեր մարզպանները, գործել է թագավորական դիվանը։

Այս հողը տեսել է նաև ավեր, երկրաշարժ ու ամայություն, սակայն 1996 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դրվեցին այս եկեղեցու հիմքերը՝ Տիար Սամվել Տիգրանյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ։

Գարեգին Ա Հայրապետն այս տաճարն անվանեց «Տեսիլ Հարության»՝ նկատի ունենալով մեր նորանկախ պետականությունը և այն տեսիլքը, որ մեր ժողովուրդը հառնում է հավատքի անապատացումից ու անտարբերությունից՝ դեպի լուսավոր ու համերաշխ ապագա։ 2000 թվականին արդեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց կանգուն տաճարը՝ կնքելով այդ հույսն ու տեսիլքը։

Սակայն այսօր ինձ մոտ մի հարց է ծագում. արդյո՞ք Հարության իրողությունը կենսական դարձավ մեր կյանքում։ Արդյո՞ք այս խորհուրդը փոխեց մեր սրտերը, մեր համայնքները։ Դադարեցի՞նք մահից վախենալուց, դադարեցի՞նք իրար ատելուց, կեղծիք տարածելուց կամ անարդարություն գործելուց։ Ցավոք, ո’չ»,-իր խոսքում մասնավորապես նշել է Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder