Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը խուսափում է խոսել Ադրբեջանի կողմից զավթված պահպանվող տարածքների մասին․ Ղազարյան
«1992թ․-ին վավերացված կենսաբազմազանության կոնվենցիայի ներքո մինչ այսօր, ցավոք սրտի, բովանդակային առումով որևէ լուրջ զարգացում Հայաստան տեղի չի ունեցել»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանության ոլորտի փորձագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով այս տարի Հայաստանում սպասվող Կենսաբազմազանության միջազգային համաժողովին ընդառաջ անելիքներին ու կարևոր հարցերին, որոնք, ըստ փորձագետի, պետք է տեղ գտնեն համաժողովի օրակարգում։
Նա ուշադրություն հրավիրեց Բնության հատուկ պահպանվող տարածքների օրենքում նախատեսվող փոփոխություններին , որը վերջերս հաստատվեց Կառավարությունում։
«Նույնիսկ հասկացությունների մասով, ինչ ասել է՝ կենսաբազմազանություն և տվյալ օրենքի մյուս կարևոր հոդվածները, նախագծի, ուղղակի չեն տեղավորվում կենսաբանության կոնվենցիայի ներքո գործող հասկացությունների և մեխանիզմների գործընթացների հետ»,- ասաց Ղազարյանը։
Այս համատեքստում նա մատնանշեց այնպիսի կարևոր խնդիրներ՝ կապված պահպանվող տարծքների հետ, որոնց մասին պետք է բարձրաձայնել նաև միջազգային կոնֆերանսի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից Շիկահողի արգելոցի տարածքում բավականին մեծ անտառային էկոհամակարգ է զավթվել, որտեղ բավականին հատումներ են իրականացրել։Այդ էկոհամակարգը վտանգված է։ Կարծում եմ՝ նախ և առաջ Շիկահողի և մյուս կարևոր տարածքների մասով պետք է այդ լուրջ հարթակը և համապատասխան միջազգային լծակներն օգտագործել՝ փորձելով ազատել այդ տարածքները Ադրբեջանի համապատասխան ստորաբաժանումներից։ COP-ի շրջանակում այս խնդիրը հնարավոր է լուծել։ Ովքեր չգիտեն՝ ինչ է արգելոց,նշեմ, որ արգելոցի հիմնական նպատակը՝ ամենախիստ ռեժիմով կենսաբազմազանության պահպանությունն է»։
Իրավիճակը նույն է նաև Սև լճի տարածքում։ Այսեր Ղազարյանի դիտարկմամբ՝ կենսաբազմազանության միգրացիոն ուղիների մասով Արեգունի լեռնաշղթայից դեպի Ալ լճերի հատվածը, որտեղ կենդանիների տեղաշարժման գոտիներն են, կա՛մ զավթված են, կա՛մ միջդիրքային գոտում են։
«Այսինքն՝ մի քանի դրվագներով մենք լուրջ խնդիրներ ունենք, բայց մենք շարունակում ենք իներցիաները։ Պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են խուսափել, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը։ Կարծում եմ՝ COP 17-ը hիանալի հարթակ է այդ խնդիրների մասին խոսելու համար՝ կարմիր գրքային, վտանգված, մյուս տեսակային և էկոհամակարգային մակարդակով միանշանակ պետք է հարթակում բարձրացնել և փորձել միջազգային նման հնարավորությունը, լծակները կիրառել։ Այլ տարբերակ, այս խնդիրների լուծման համար, հիմա չեմ տեսնում, քանի որ իշխանությունները վախվորած են, չեն կարողանում այդ թեմաներով ազատ խոսել»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ խնդրի մասին աշխարհին իրազեկելու համար լավագույն հարթակն է։
Բնապահպանության փորձագետի խոսքով՝ մշակվել են կառավարման պլաններ և հաստատել դրանք։
«Այդ կառավարման պլանները վերաբերում են հենց Շիկահողի և Սև լճի տարածքների հատվածներին։ Եթե նայենք, կտեսնեք, որ այնտեղ ընդհանուր ներկայացված է այնպես, ինչպես 10-15 տարի առաջ էր, այսինքն՝ որևէ խնդիր այստեղ դրված չէ, հետևաբար նաև լուծումների մասին խոսք չկա։ Ավելին, հիշեցնեմ, որ հենց Շիկահողում մոտավորապես 3000 հեկտար հենց զավթված է, իրենց դիրքերի հետևում է գտնվում, է մոտավորապես մի 1005-2000 հա միջդիրքային հատվածում է և մոտավորապես 7- 8000 հա էլ թշնամու ուղիղ նշանառության և դիտարկման տակ է կողմից։ Այսինքն՝ ըստ էության, դե ֆակտո Շիկահողի հիմնական հատվածը հայկական տիրապետումման, տնօրինման, պահպանության շրջանակներից դուրս է»,- մանրամասնեց փորձագետը։
Դիտարկմանը, որ Շրջակա միջվայրի նախարարությունը Շիկահողի արգելոցի հետ կապված խնդիրների լուծումը տեսնում է սահմազատման և սահմանագծման աշխատանքների հատամտեսքում, Ղազարյանն արձագանքեց․ «Շատ հատվածներ հենց տարված են ռելեֆային հստակ սահմանազատիչներով, այսինքն՝ մասնավորապես ջրբաժաններով է, ժողովրդական լեզվով ասած՝ լեռների, սարերի, գագաթային հատվածներով, այսինքն՝ էդ տարածքներում խոսել ինչ-որ վիճարկելի, սահմանային խնդրի, սահմանազատման մասին, ուղղակի ծիծաղելի է։ Շիկահողի այդ հատվածը, որտեղ արգելոցի սահմաններ և Հայաստանի Հանրապետության այն ժամանակ սահմաններն անցնում է հստակ՝ 90 տոկոս մասը ջրբաժանով։ Այսինքն՝ այդտեղ խոսել,թե սահմանային խնդիրներ կա, դա ժողովրդին, չասեմ ինչի տեղ դնելու տարբերակ է։ Ջրբաժանով անցնում է սահմանը, ո՞ւր են տանելու, սարի գագաթով»։
Մանրամասները՝ հղմամբ։