Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կոբախիձեն և Զելենսկին պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ հանդիպել են Երևանում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Տեսանյութը հրապարակվել է Վրաստանի կառավարության կողմից, որտեղ տեսանյութին կից գրել են.
«Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները»։
«Շուտով կհանդիպենք», - ձեռքսեղմումով ասել է Զելենսկին Կոբախիձեին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականին։ Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտարարել է իր Telegram ալիքում 2024 թվականի դեկտեմբերի 5-ին։ Պատժամիջոցների ցանկում ներառված են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և երկրի ղեկավարության այլ անդամներ, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
«Այս պատժամիջոցները ուղղված են Վրաստանի կառավարության այն մասի դեմ, որը ներկայում Վրաստանը հանձնում է Պուտինին։ Մենք չենք կարող կորցնել ոչ մեկին այս տարածաշրջանում՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային։ Մենք պետք է միասին պաշտպանվենք Մոսկվայից»,-հայտարարել էր Զելենսկին։