Ինչ պատասխանեց Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Bloomberg-ի հարցին
Քաղաքական
14:08 05/05/2026
Հայաստան

Ինչ պատասխանեց Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Bloomberg-ի հարցին

«Դուք ասացիք, որ պատրաստ եք շարունակել բարեփոխումները, եթե դուք վերընտրվեք, արդյո՞ք պաշտոնապես կդիմեք Եվրամիությանն անդամակցության համար և դուրս կգաք ԵԱՏՄ-ից»։ Երևանում կայացած Հայաստան-ԵՄ համաժողովի ավարտին համատեղ ասուլիսում այս հարցը Bloomberg-ի լրագրողն ուղղեց Փաշինյանին։ 

Փաշինյանը, ի պատասխան հարցին, երկար խոսեց Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին։

Փաշինյանը հայտարարեց, որ ամենակարևոր արձանագրումն այն է, որ հիմա Ադրբեջանի հետ Հայաստանն ունի խաղաղություն։ Նա նշեց, որ վերջին 2 տարիները առաջինն են, երբ նախորդող շրջանի համեմատ Հայաստանը չի ունեցել մի այնպիսի օրացուցային տարի, «երբ որ Ադրբեջանի հետ հրաձգությունների, բախումների արդյունքում չունենանք զոհեր և վիրավորներ»։

Ըստ Փաշինյանի, առաջին անգամ համատեղ պատմության ընթացքում երկու երկրները օգտագործում են կամ նույն, կամ շատ նման խոսույթ։ Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահը նույնպես ասում է, թե «խաղաղությունը նոր հանգամանք է մեր կյանքում, և մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում»։ Փաշինյանը հավելեց, որ իրենք դեռ ուզում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղությունը և ինչ տեսք ու պատկեր ունի այն։

«Մեզ համար շատ կարևոր է խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը, որ ասելով մենք նկատի ունենք, իհարկե, խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, բայց ես նաև ուզում եմ ընդգծել, որ սխալ է այն կարծիքը, որ այսօր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե հիմք չունի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող։ Դա ճիշտ տեսակետ չէ. 2024 թ․-ին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և 2 երկրներում վավերացրել են 2 երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը մեր երկրների միջև ստորագրված առաջին միջպետական համաձայնագիրն է, որը ունի իրավական պարտադիր ուժ 2 երկրներում։

Եվ այդ համաձայնագրի համաձայն՝ Ալմաթայի հռչակագիրն ընդունվում է որպես բազային սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համար, բայց նաև ինստիտուցիոնալացման արտահայտություն է այն, որ Հայաստան արդեն շուրջ 26000 տոննա բեռ է եկել Ադրբեջանի երկաթուղով, և նաև Հայաստանը սկսել է Ադրբեջանից ներկրել նավթամթերք։ Բայց նաև ես ուզում եմ հետևյալը ասել, սա նաև շատ կարևոր նրբություն է՝ ի վերջո 40 տարի Հայաստանը և Ադրբեջանը ապրել են թշնամության միջավայրում, և հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչը անջատել և խաղաղության կոճակը սեղմել, թշնամությունը վերջ՝ այլևս գոյություն չունի և այլևս միայն խաղաղություն է։ Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է։ Որովհետև, էլի եմ ասում, այդ գործընթացը հնարավոր չէ, նույնիսկ եթե հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լիներ, որովհետև խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է, որը տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում, և թույլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխություններ իրենք, իհարկե, թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը։ Այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել։ Եվ, հետևաբար, ես վստահ եմ, որ մենք կհասնենք այդ կետին, երբ որ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին մենք խաղաղության համաձայնագիրը կստորագրենք»,- նշում է Փաշինյանը։

Վերջինս պնդեց, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, չի նշանակում, որ աշխատանքն ավարտվեց. «Ընդհակառակը, հենց խաղաղության համաձայնագրի հրապարակման տեքստից ակնհայտ է դառնում, որ հենց համաձայնագրի ստորագրումից հետո բազմաթիվ ուղղություններով մեզ պետք կլինի ստորագրել, համաձայնեցրել և ստորագրել նորանոր համաձայնագրեր, այդ թվում՝ ոլորտային համագործակցության։ Չնայած, օրինակ, տրանսպորտի ոլորտում մենք այսօր համագործակցում ենք առանց որևէ համաձայնագրի, և, բնականաբար, այս առումով չափազանց կարևոր է «Թրիփփ» նախագիծը, և չափազանց կարևոր են այն նախագծերը, որը մենք քննարկում ենք Եվրոպական միության հետ»։

Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհների լիարժեք բացումը և Թուրքիայի հետ սահմանի բացվելը, ինչին ինքը չի կասկածում, խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր քայլեր են։ Նա նշեց, որ ճանապարհները միմյանց տրամադրվելու են ազատ տեղաշարժի և բեռնափոխադրումների համար՝ ներառյալ «Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը, անխոչընդոտ կապը բոլոր դեպքերում, հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder