12-ամսյա բնականոն գնաճն արագացել է՝ կազմելով 4․7%. ԿԲ
Տնտեսություն
14:06 05/05/2026
Հայաստան

12-ամսյա բնականոն գնաճն արագացել է՝ կազմելով 4․7%. ԿԲ

«2026 թվականի մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%»,-հրավիրված ասուլիսում ասաց  ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատյանը՝ ներկայացնելով խորհրդի որոշումը

Ըստ խորհրդի որոշման՝ 2026 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մարտին կազմելով 4.5%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:

2026 թվականի առաջին եռամսյակում՝ աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների ու դրանց տատանողականության զգալի աճի պայմաններում, համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերն էականորեն ավելացել են։

Տեղեկացնելով , որ առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական աճը որոշակիորեն արագացել է, այդուհանդերձ, սպառողական պահանջարկի թուլացումը շարունակվում է՝ Խաչատրյանն ասաց, որ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը դարձել են ավելի առարկայական, Եվրոգոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների ու դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակել է թուլանալ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցիչները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Միաժամանակ, Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաներում գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը:

«Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, մյուս կողմից՝ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ առանձին դեպքերում դրանց բարձրացման հավանականությունը:

2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն: Վերջինիս մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը:

Հարկ է նշել, որ վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունն ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։

Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս առարկայական են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկերը։ Հատկանշական է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը որոշակի թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ:

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն միջնաժամկետ հորիզոնում կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:

Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար»,- ասվում է ԿԲ Խորհրդի որոշման մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder