Հայաստանի պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
13:20 06/05/2026
Հայաստան

Հայաստանի պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞. Ալեն Սիմոնյան

«Ես չգիտեմ՝ էդ տրամաբանությունը, որ ՀՀ-ն իր շահերը հետապնդի՝ միշտ հետ նայելով, թե հանկարծ Ռուսաստանը չի նեղսրտի, որքանո՞վ է ճիշտ: Ես համարում եմ՝ դա ճիշտ չէ, որովհետև երբ Ռուսաստանը իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնո՞ւմ է ՀՀ շահերի վրա, թե՞ ոչ»,-ԱԺ ճեպազրույցների սրահում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին օրերին եվրոպացիների հայտարարությունները և տեսակետները ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները::

Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում, այլ իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում:

«Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր և ասում էր՝ մենք անկախ պետություն ենք և բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները: Հայաստանի պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞»,- հայտարարեց նա:

Արձագանքելով հիշեցմանը, որ  Հայաստանը տնտեսապես կախում ունի Ռուսաստանից, Սիմոնյանն ասաց, թե չի ուզում կտրուկ բաներ ասել։

«Բայց կախվածությունը ո՞րն է՝ կա՛մ մենք ծնկած ապրում ենք ինչ-որ գերտերության, լինի դա Ֆրանսիան, Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր, «սապոգի» տակ, կա՛մ փորձում ենք առանց որևէ մեկի հետ պատերազմելու, թշնամանալու տեր կանգնել մեր փոքր պետությանը... Հայաստանը պետք է իր ընտրւթյունը կատարի: Ինքը չի ուզում իր մեծ եղբորը փոխարինել մեկ այլով: Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, և ԿԸՀ-ն դեռ արդյունքները չհայտարարած, Ռուսաստանը շնորհավորել է, մեր ուժայինների մեծ մասը ճշտվել է Ռուսաստանի հետ, մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, ողջ ուղեծիրը համաձայնեցվել են ու զուգահեռ տարվել»,-հայտարարեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մինչև 2018 թվականը անկախություն չի ունեցել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder