Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սույն թվականի ապրիլի 30-ին Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն․ՀՀ դրամին համարժեք գումար է։
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Առերևույթ, հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Քննչական կոմիտե է ներկայացվել նաև ձերբակալված անձը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Ռ․Թ-ի նկատմամբ՝ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը...Մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի, որը շուրջ 37 մլն․ ՀՀ դրամին համարժեք գումար է»։
Մինչ այդ, մարտի 27-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որ նույն եղանակաով հայաստան է տեղափոխվել 18-ից մինչև 100 մլն ռուբլի։
Panorama.am-ը դիմեց ՊԵԿ-ին՝ ճշտելու, թե արդյո՞ք պարզվել է, թե մոտ 170 մլն ռուսական ռուբլին ինչ ծագում ունի և ինչ նպատակներով էր բերվել Հայաստան։ ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին որ, բացահայտումն արվել է ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանման հետ համատեղ և գործող իրավակարգավորումների համաձայն, եթե օրինախախտը չի հիմնավորում գումարների ծագումը և նպատակները՝ վարչական վարույթ է հարուցվում և նյութերը փոխանցվում են Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտիեց Panorama.am-ին նախ հայտնեցին, որ կճշտեն գործի ընթացքը և պարզաբանում կտրամադրեն, սակայն կարճ ժամանակ անց տեղեկացրեցին, որ օրենքով սահմանված կարգով հարցում պետք է ուղարկվի ՔԿ՝ խոստանալով սահմանված ժամկետներում պատասխանել դիմումին։
Հիշեցնենք, որ փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ նման խոշոր կանխիկի տեղափոխումը կապված է ՌԴ-ի դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցներով։ Դեպքին տրվում է նաև քաղաքական ենթատեքստ, թե գումարները ընտրությունների համար էին նախատեսված։