Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի 1.2 մլն հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջն արդյո՞ք վարչական ռեսուրս է. Պարզաբանում՝ ԿԸՀ նախագահից
«Խոսքը գնում է ի պաշտոնե՝ օրինակ ՀՀ վարչապետի անունով սոցիալական հարթակում էջ ունենալու մասին»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում ստեղծված «Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան» ֆեյսբուքյան էջով, որն ունի 1.2 մլն հետևորդ և ներկայացվում է որպես ՀՀ վարչապետի պաշտոնական էջ (սոցիալական հարթակի պաշտոնական էջերի համար սահմանված կապույտ տարբերանշանով), տարածվելիք նյութերը նախընտրական շրջանում արդյո՞ք համարվելու են վարչական ռեսուրսի օգտագործում։
Հովակիմյանը նշեց, թե դա կախված է նրանից, թե տվյալ էջի սեփականատերը ով է՝ ՀՀ կառավարությունը, թե պաշտոնյան, տվյալ դեպում՝ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ, եթե վարչապետը փոխվի, այդ էջը ո՞վ է շարունակելու վարել»,-հարց հնչեցրեց ԿԸՀ նախագահը և բերեց իր անձնական օրինակը, թե ունի անձնական ֆեյսբուքյան էջ, որտեղ որպես ԿԸՀ նախագահ գրառում է արել, բայց եթե պաշտոնից հեռանա, ոչ մեկը չի կարող այդ էջն իրենից վերցնել։
Հովակիմյանը հայտարարեց, որ բոլոր թեկնածուների էջերը դիտարկում են, բայց՝ տարբերակելով պաշտոնականները և անձնականները։
«Պետական պաշտոնյայի ի պաշտոնե էջը ևս պետական ռեսուրս է, եթե այդ էջի տերը ՀՀ կառավարությունն է, աշխատակազմը կամ այլ։ Էդ ուրիշ բան է»,- ասաց Հովակիմյանը՝ չբացառելով, որ հնարավոր է պաշտոնյան օգտագործի նաև անձնական էջը՝ որպես պաշտոնյա լսելի դառնալու համար։
ԿԸՀ նախագահի պատասխանից պարզ չդարձավ, թե «Նիկոլ Փաշինյան-ՀՀ վարչապետ» ֆեյսբուքյան էջով նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տարածվելիք նյութերն արդյոք դիտարկվելու են, որպես Ընտրական օրենսգրքի խախտում՝ վարչական ռեսուրսի օգտագործում ՔՊ-ի օգտին։