Փաստորեն, Արարատ Միրզոյանին չեն խնայում. Հակոբ Բադալյան
Քաղաքական
16:38 08/05/2026
Հայաստան

Փաստորեն, Արարատ Միրզոյանին չեն խնայում. Հակոբ Բադալյան

«Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՔՊ ավտոբուսով քարոզարշավի ճանապարհին նստած է Նիկոլ Փաշինյանի կողքին եւ բարձրաձայնում է արդեն բավականին ծեծված այն ֆրազը, թե աշխարհում կա մի քանի հազար՝ նույնիսկ տասնյակից ավելի հազար ազգ, սակայն պետություն ունեն 200-ը, ու մենք պետք է երջանիկ լինենք, որ այդ 200-ի մեջ ենք: Հետո էլ շարունակում է, թե՝ իսկ մենք երջանիկ լինելու փոխարեն, այդ երջանկությամբ իրական Հայաստանում ապրելու փոխարեն, ինչ որ պատմական բաների մասին ենք երազում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակոմ է.

«Լավ, ինչպե՞ս կարելի է իջնել այդօրինակ ցածր մանիպուլյացիայի աստիճանի, այն էլ լինելով արտաքին գործերի նախարար: Հայաստանում ո՞վ է տառապում պատմական հայրենիքի սպասումով կամ փնտրտուքով՝ կտրված լինելով եւ չբավարարվելով ներկայիս Հայաստանով: Հայաստանում չկա այդպիսի հանրային շերտ եւ այդպիսի քաղաքական հստակ օրակարգ ունեցող քաղաքական ուժ: Ավելին, ովքեր էլ եղել են, այսօր ՔՊ-ին լատենտ աջակցող կամ ուղղակի սատարող ուժեր են: Հետեւաբար ակնառու  է, որ ԱԳ նախարարը զբաղված է ընդամենը ազգային պատմական հիշողության պարզ, օբյեկտիվ, բնական իրողության արհեստական շահարկումով:

Այստեղ էլ հարկ է նկատել, որ ԱԳ նախարարի պաշտոնը ցանկացած երկրում համարվում է այսպես ասած՝ ամենասոլիդ պաշտոններից մեկը: Եվ դրանից ելնելով, ԱԳ նախարարները գրեթե չեն միջամտում իրենց այսպես ասած ներքաղաքական «թոհուբոհերին»: Համենայն դեպս, Հայաստանի պարագայում գործնականում դժվար է հիշել, որ եղել են այդ թեմաներին «խառնվող» ԱԳ նախարարներ:

Բացառիկ դրվագ էր Մարտի 1-ը, երբ առաջնային պլան էր եկել Վարդան Օսկանյանը, ինչը սակայն ուներ իր նուրբ տողատակը, պայմանավորված ավելի շատ հենց արտաքին աշխարհին ուղղված որոշակի համատեքստով: Ընդ որում, դա էլ բացառիկ արտակարգ իրադրություն էր, այլ ոչ թե քարոզարշավ կամ նման մի բան:

Հայաստանում գործնականում չի եղել այդքան «ներքաղաքականացված-հասարակացված» ԱԳ նախարար, որքան Արարատ Միրզոյանը: Ընդ որում, անգամ համեմատելիության աստիճանի մոտ չի եղել: Դա Միրզոյանի՞ նախաձեռնողականությունն է, թե՞ Փաշինյանի պահանջը, ինձ դժվար է ասել: Բայց տեսարանն իսկապես անմխիթար է, որովհետեւ գոնե ԱԳ նախարարին պետք է պահել օրակարգային ավելի բարձր կարգավիճակում, եթե նույնիսկ նա ինքը չի պատկերացնում ավելի ցածրում հայտնվելը:

Փաստորեն, Արարատ Միրզոյանին չեն խնայում թե ֆիզիկապես, թե քաղաքականապես: Դարձյալ հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին չգիտես ինչու եւ ինչպես՝ իշխանական ամբողջ վերնախավը ապահով թաքնված էր, ամեն մեկը մի տեղում՝ մեկը բունկերում, մյուսը Մոսկվայի հյուրանոցում, երրորդը մեկ այլ տեղ, եւ միայն ԱԺ նախագահ Միրզոյանը չգիտես  ինչու ապահովագրված եւ պաշտպանված չէր զայրացած ամբոխի ձեռքը հայտնվելու վտանգից:

Բարեբախտաբար, Միրզոյանը ողջ մնաց այդ անմարդկային բռնությունից հետո: Եվ մնաց իհարկե հարցը՝ ինչո՞ւ նա եւս պաշտպանված չէր: Ի՞նքն էր հրաժարվել, թե՞ «մոռացել» էին նրա մասին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder