Zeyro՝ առաջին հայկական AI-ն արդեն իրականություն. «Հեշտացնել կյանքը՝ խնայելով ժամանակը»
Հասարակություն
13:06 09/05/2026
Հայաստան

Zeyro՝ առաջին հայկական AI-ն արդեն իրականություն. «Հեշտացնել կյանքը՝ խնայելով ժամանակը»

«Հեշտացնել կյանքը՝ խնայելով ժամանակը». այսուհետև այս հնարավորությունից կարող ենք օգտվել բոլորս ու ամենակարևորը՝  հայկական օգնականի միջոցով։ 

Հայաստանում նախօրեին տեղի ունեցավ կարևոր իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Հանդիսավոր ձևաչափով ներկայացվեց Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։

Հայկական զոլավոր բրենդը, որը  ձեռնոց է նետում ավելի վաղ ստեղծված արտասահմանյան արհեստական բանականության գործիքներին, ստեղծել է  Հրազդանից 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։ Նա 9 տարեկանից սովորել է ծրագրավորում։ Մի օր էլ հասկացել է՝ տարիների ընթացքում ստեղծած պրոդուկտը պետք է օգտագործել՝ ի նպաստ մարդկանց՝ հեշտացնել նրանց կյանքը՝ խնայելով ժամանակը։

«Սովորել եմ ծրագրավորում 9 տարեկանից, բայց սիրողական մակարդակով։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ  ունեմ լուրջ պրոդուկտ, բայց միայնակ չեմ կարող ինչ-որ արդյունք ստանալ։ Նամակ գրեցի Սամվելին»,- պատմեց Արմանը։

Նա համոզված է հայկական արհեստական բանականությունը որևէ բանով չի զիջում մինչ այս արդեն հայտնի AI-ներին, ավելին՝ ավելի կատարելագործված է։ Արմանը նպատակ ունի՝ ավելի զարգացնել այն, դարձնել համաշխարհային պրոեկտ. «Ես պատրաստ եմ զարգացնել Zeyro-ն այնքան, որ  մրցակցի համաշխարհային ցանկացած  AI-ի հետ»։

Ծրագիրն իրագործելու համար Արմանը դիմել է Սամվել Թադևոսյանին։ Նախապատրաստական աշխատանքները տևել են 8-9 ամիս։

«Գտանք սերվերները, պայմանագրերը ստորագրեցինք։  Սերվերների արժեքը 150 միլիոն դոլար է, և այսօր արդեն բոլորը կարող են ներբեռնել հավելվածը», -ասաց Ս. Թադևոսյանը։

Նա նշեց, որ Zeyro-ն ամբողջությամբ հայկական արհեստական բանականություն է, այն մի մակարդակ բարձր է արդեն շուկայում առկա ԱԲ-ներից։ Ունի յուրահատկություն, որը աշխարհում որևէ մեկը չունի՝ կարողանում է  հենց միանգամից հրահանգներ կատարել։

«Այս պահին շուկային ենք ներկայանում ոչ միայն արհեստական բանականությամբ, նաև ուղևորափոխադրման նոր համակարգով։ Zeyro-ն կարողանում է հստակ հրահանգավորի, օրինակ՝ տաքսի կանչի։ Բացի դրանից, նոր միջավայր է ստեղծում կապված ուղևորափոխադրումների մասով»,- ասաց Ս. Թադևոսյանը։ 

Նա հայտարարեց, որ մատչելի գին են առաջարկում այն տաքսի ծառայություններին, գործընկերները, որոնք կդառնան Zeyro ֆրանչայզիներ, միջնորդավճարը 17,6 տոկոս է շուկայում գործող 22-26 տոկոսի համեմատ, իսկ այժմ գործում են նաև  ակցիաներ։  

Ինչ վերաբերում է հայկական արհեստական բանականության  անվանն ու ընտրված խորհրդանիշին՝ զեբրին, Ս. Թադևոսյանն ասաց. «Եթե ուզում եք մեքենա կամ ուտելիք պատվիել, դա սովորաբար պահանջում է 10-12 քլիք, իսկ մեզ մոտ ընդհանրապես քլիկ չկա, այսինքն՝ գաղափարը 0 քլիքն է, Zeyro բառը հենց այդտեղից է ստեղծվել։

Խորհրդանիշ զեբր.  այն միայն հայերի համար չէ ստեղծված, և եթե ընտրեինք հայկական որևէ եզակի բան, հնարավոր է շուկայում դիրքավորման խնդիր լիներ։  Ընտրվեց զեբրը, որը շատ հոգատար, ընկերասեր օգնության հասնող կենդանի է։ Հայկական արհեստական բանականությունը հենց այդպիսինն է՝  ձեր կողքին ենք 24 ժամ»։

Բոլորն արդեն կարող են ներբեռնել Zeyro հավելավածը։ Zeyro-ի բոլոր ծառայություններն անվճար են։

Ուղղակի հայկական զեբրիկը դեռ փոքրիկ է, պետք է ուշադիր վերաբերվել։ Հայկական արհեստական բանականությունը դեռ «դաստիարակման» կարիք ունի, ու կարող ենք այն դարձնել հայեցի, հայաֆիկացված։

Zeyro-ի շնորհանդեսն ազդարարեց՝ Հայաստանում արդեն ձևավորվում են արհեստական բանականության սեփական լուծումներ ու նորարարական տեխնոլոգիական պրոդուկտներ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder