Ինչ կտա Եվրոպական քաղաքական համայքնի գագաթնաժողովը Երևանին. Նախընտրական քարոզչություն, թե իրական փոփոխություններ
Քաղաքական
08:18 09/05/2026
Հայաստան

Ինչ կտա Եվրոպական քաղաքական համայքնի գագաթնաժողովը Երևանին. Նախընտրական քարոզչություն, թե իրական փոփոխություններ

Հայաստանի իշխանությունների կողմից եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված միջոցառումներները ներկայացվեցին խտացված գույներով՝ իբր թե երկրի արտաքին քաղաքական կշիռն է աճել, միջազգային հեղինակության բարձրացում է տեղի ունեցել և վերջապես այդ պրոցեսները աշխարհաքաղաքական նոր հնարավորությունների ցուցիչ են։

Սակայն ամենագլխավոր հարցն այն է, թե որքանո՞վ է այս ամենը հիմնված իրական քաղաքական և տնտեսական իրական ձեռքբերումների վրա, և որքանո՞վ են դրանք, ուղղակի, բարձրագոչ ձևակերպումներ։

Օրինակ, այս գագաթնաժողովի միջոցառումներից ստացած մեծ էյֆորիայի տակ արվեցին հայտարարություններ այնպիսի ձևակերպումներով, թե իբր Հայաստանն այլևս իր աշխարհաքաղաքական դիրքի վերափոխման մեջ է, տարածաշրջանային նոր դերակատարություն է ձեռք բերել և արտաքին քաղաքական նոր էջ է բացվում։

Սակայն արտաքին քաղաքականությունը գնահատելու համար անհրաժեշտ է ոչ թե հռետորաբանություն,  այլ արդյունքների չափելի համակարգ։ Օրինակ, կոնկրետ ցուցանիշներ նոր տնտեսական կապերի մասին, կայուն ներդրումային հոսքեր, հաղորդակցային ուղիների բացում, անվտանգային ռիսկերի նվազում և ինստիտուցիոնալ ամրապնդում։ Առանց այս բաղադրիչների իրական հողի վրա տեսանելի արդյունքների նման հայտարարությունները մնում են քաղաքական կենացների մակարդակում։

Ոմանք կհիշացնեն ԵՄ-ի կողմից 270 միլիոն եվրոյի աջակցության մասին, նշեմ, որ Եվրոպայի խոստացած այդ աջակցությունն ուղղակի բազմամյա փաթեթ է, որը պետք է ուղղվի բիզնեսի, ենթակառուցվածքների, բարեփոխումներին ու սոցիալական ծրագրերին 2024-27թթ.։ Իսկ թե որքան մասն է այս խոստացվածից եկել Հայաստան, դրա մասին պետք է խոսեն պատասխանատուները։

 Ինչ վերաբերում է Հայաստանի համար առավել զգայուն արտաքին քաղաքական հավասարակշռության հարցին, ապա երկիրը փաստացիորեն շարունակում է խորապես ինտեգրված մնալ Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ և սոցիալական կապերին։ Տրանսֆերտների զգալի ծավալը, էներգետիկ համակարգի կառուցվածքը, շուկայական կախվածությունները և երկար տարիների ինստիտուցիոնալ ներգրավվածությունը ստեղծել են այնպիսի իրողություն, որի պայմաններում ցանկացած կտրուկ վերադասավորում կարող է բերել լուրջ ցնցումների։ Ավելին, եվրոպական կառույցների կողմից խոստացվող աջակցության փաթեթները, որքան էլ քաղաքական առումով կարևոր լինեն, չեն կարող կարճաժամկետ հեռանկարում փոխարինել այն համակարգային կապերին, որոնց մեջ Հայաստանը ներգրավված է տասնամյակներով։ Դրանք հիմնականում ծրագրային, փուլային և երկարաժամկետ գործիքներ են, այլ ոչ թե արագ ազդեցություն ունեցող տնտեսական լուծումներ։

Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական դաշտի առանձնահատկությունները՝ մեծ հավանականությամբ Եվրոպական քաղաքական համայնքի այս միջոցառումը կդառնա նաև իշխանության նախընտրական քարոզչության կարևոր բաղադրիչներից մեկը՝ որպես արտաքին քաղաքական հաջողության խորհրդանշական ապացույց։

Սակայն գագաթնաժողովը ոչ ֆորմալ քաղաքական հարթակ է, ոչ թե ԵՄ պաշտոնական որոշումներ ընդունող մարմին։ Այսինքն՝ այստեղ չեն ընդունվում իրավական որոշումներ, չկան անդամակցության կամ ֆինանսավորման մեխանիզմներ, պարտադիր կատարման որոշումներ չեն կայացվում։ Երևանում անցկացված գագաթնաժողովը բացառիկ իրադարձություն չէ, այլ EPC-ի հերթական կիսամյակային հանդիպումն էր։

Հայաստանի համար դրա նշանակությունը որոշվում է ոչ թե Երևանում անցկացվելու  փաստով, այլ դրանից հետո կոնկրետ քաղաքական կամ տնտեսական արդյունքներով։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder