Հունիսի 6-ին Հայաստանը կդառնա դասական երաժշտության մայրաքաղաք
Մշակույթ
13:24 12/05/2026
Հայաստան

Հունիսի 6-ին Հայաստանը կդառնա դասական երաժշտության մայրաքաղաք

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: «Դասական Եվրատեսիլ 2026»-ը կայանալու է հունիսի 6-ին, եվրոպական 10 երկրների պատվիրակություններ ժամանելու են Հայաստան։  

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսում ասաց, որ կարևորում է  այս միջոցառումը մշակութային քաղաքականության տեսանկյունից. «Կարևոր է, որ դասական արվեստը դարձնենք ավելի տեսանելի, հանրային առումով ավելի ընդգծենք դրա ներկայությունը մեր կյանքում»։ 

Նա նշեց, որ մրցույթի օրը խորհրդանշական է. «Այդ օրը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և հենց այդ օրը դասական արվեստին անդրադարձով՝ ևս մեկ անգամ կարժևորենք մեր մեծանուն կոմպոզիտորին»։

Ժ. Անդրեասյանն ասաց, որ միջոցառումը ֆինանսավորում է կառավարության կողմից, համապատասխան որոշումը կկայացվի առաջիկայում. «Արդեն քննարկված է, շուրջ 750 միլիոն դրամ է նախատեսված»։ 

Մրցույթն անցկացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համագործակցության շրջանակում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասուլիսում ասաց, որ միջոցառումը միայն տեղի չի ունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ներսում, մեկ հատված տեղի է  ունենալու շենքի տանիքին։

«Այս հեռաձակումը դիտելու են ոչ միայն Հայաստանում, նաև այն երկրներում, որտեղից մասնակիցներ ունենք, ուստի Հայաստանն այդ օրը դառնալու է դասական երաժշտության մայրաքաղաք, մասնակից երկրների ուշադրության կենտրոնը լինելու է Երևանի ու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վրա»,- ասաց նա։ 

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի մասնակից երկրներն են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան:

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder