Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ճամպրուկներով 72.6 մլն ռուբլի Հայաստան բերելու գործով փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել ՌԴ 2 քաղաքացու. ՔԿ
Panorama.am-ը մայիսի 5-ին պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե, որում ասվում էր. «Սույն թվականի ապրիլի 30-ին Պետական եկամուտների կոմիտեի և ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանման կողմից Հայաստան ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա էր եղել կանխիկ 65 մլն․ ռուսական ռուբլի։
Մեկ օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգական՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել էր խոշոր կանխիկ գումար՝ 7,6 մլն․ռուսական ռուբլի։
Մինչ այդ, էլ մարտի 27-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որ նույն եղանակով Հայաստան է տեղափոխվել 18-ից մինչև 100 մլն ռուբլի։ Ըստ ՊԵԿ պարզաբանման, վերոնշյալ բոլոր խախտումներով կազմված գործի նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Համաձայն 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների`խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե վերոնշյալ երկու անձինք ի՞նչ նպատակով էին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք փորձել ներմուծել խոշոր չափի կանխիկ գումարները։ Արդյո՞ք կապ կա ապրիլի 30-ին, մայիսիս 1-ին ձերբակալված անձանց և մարտի 27-ին ՊԵԿ-ի հիշատակած նույնանման խախտման դեպքերի միջև։ Պարզվել է, թե ինչ նպատակով էր ՀՀ ներմուծվել կանխիկ 18-ից մինչև 100 մլն ռուբլին։ Պարզվե՞լ է կանխիկ գումարների ծագման աղբյուրները»։
Այսօր Panorama.am-ի ստացած պաշտոնական պատասխանում ՔԿ-ն հայտնում է.
«ՀՀ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 3-րդ կետով, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում կատարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՌԴ երկու քաղաքացու»։
ՔՕ-ի 296 հոդվածում ասվում է. Փողերի լվացում
1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ պահելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
2) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) հանցավոր կազմակերպության կողմից,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով»:
ՔԿ-ից նաև հայտնում են, որ պաշտոնական գրությամբ հայցված մնացած տեղեկությունները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն տրամադրման ենթակա չեն։ Հավելենք, որ օրենքի այդ կետով նախատեսվում է տեղեկատվություն չտրամադրել, եթե պատասխանը «պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։