Թրամփը լքում է Չինաստանը՝ առանց որևէ արդյունքի, բայց կայունացման նշաններով
Քաղաքական
17:57 15/05/2026
Աշխարհ

Թրամփը լքում է Չինաստանը՝ առանց որևէ արդյունքի, բայց կայունացման նշաններով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ կեսօրին մեկնել է Պեկինից՝ առանց որևէ նշանի, որ ԱՄՆ-ն և Չինաստանը լուծել են իրենց անկայուն հարաբերություններին ուղեկցող դժվարին խնդիրները, մինչդեռ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հարաբերությունների կայունացման թարմ նշաններոբ։ Երկու օրվա ինտենսիվ երկկողմ հանդիպումների ընթացքում առաջնորդները քննարկել են մի շարք հարցեր՝ սկսած Իրան-ԱՄՆ հակամարտությունից, մինչև Թայվան ու  առևտրային երկկողմ հարաբերություններ։

CNN-ը գրում է, որ բանակցություններից առաջ մեծ էին սպասումները, որ ԱՄՆ նախագահը կարող է իր չինացի գործընկերոջը դրդել՝ օգնելու Իրանի հակամարտության կարգավորմանը։

Չինաստանը Իրանի ​​գործընկերն է և նրա նավթի խոշորագույն գնորդը  և պատերազմի ողջ ընթացքում հանդես է եկել որպես խաղաղության կողմնակից։ Այս թեման երկու առաջնորդների միջև հինգշաբթի օրը տեղի ունեցած ավելի քան երկու ժամ տևած քննարկումների մի մասն էր, սակայն Թրամփը հեռացավ Պեկինից առանց հստակ նշանի, որ պատրաստ է ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ ԱՄՆ պահանջներին համապատասխան։

Թրամփը ասել է, որ Սին առաջարկել է օգնել լուծել հակամարտությունը և խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չմատակարարել։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրը նշել է, որ ԱՄՆ-ն չի խնդրել Չինաստանի օգնությունը հակամարտությունը լուծելու համար։

Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նաև ասվում է՝ երկու երկրները համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա, և որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։

Նշվում է, որ Սին «հստակեցրել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած ջանքի»։

Միջազգային մամուլը նշում է՝ չի բացառվում ԱՄՆ-Չինաստան էներգետիկ համաձայնագիր կնքվի, որի համաձայն՝ Պեկինը, որը մեծ քանակությամբ իրանական նավթ է ներմուծում, կգնի ավելի շատ ամերիկյան պաշարներ։ Արդյոք Թրամփ-Սիի բանակցությունները որևէ ազդեցություն կունենան հակամարտության վրա, դեռևս հստակ չէ, քանի որ Պեկինը, կարծես, մեծ մասամբ վերահաստատել է իր դիրքորոշումը։

Ի դեպ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շաը է հավանել Չինաստանի նախագահին, նա գործի մարդ է.  «Խաղեր չկան, չկա խոսակցություն այն մասին, թե ինչ լավ եղանակ է, եկեք  նայենք աստղերին, եկեք նայենք արևին։ Ոչ, նա գործի մարդ է,  և դա ինձ դուր է գալիս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder