Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում ասեք՝ դրսից եկած, մեր հայրենիքն այսքան տարի պահել ենք ուղարկած գումարների հաշվին․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
19:18 15/05/2026
Հայաստան

Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում ասեք՝ դրսից եկած, մեր հայրենիքն այսքան տարի պահել ենք ուղարկած գումարների հաշվին․ Նարեկ Կարապետյան

«Հայաստանից դուրս, ուր էլ լինես, մանավանդ հետխորհրդային երկրների տարածքում, տեսնում ենք ձեր աշխատանքի արդյունքը՝ մեր ազգի աշխատասեր ներկայացուցիչների աշխատանքի արդյունքը»,- այս մասին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանն իր ելույթում շարունակեց․

«Ես գիտեմ, թե ինչ դժվարությամբ եք դուք կարողացել վերջին 30 տարի պահեք ձեր ընտանիքը։ Գիտեմ՝ ինչ դժվարությամբ եք դուք կարողացել պահպանել ձեր ընտանիքը Հայաստանում՝  աշխատելով Հայաստանից դուրս։ Նույն բանը արել է Սամվել Կարապետյանը, մեր բախտը կիսվում է։  90-ականների սկզբից՝ երկրի գործարանների փակման, երկրի տնտեսության վերացման արդյունքում մեր երկրում զբաղմունք չէր մնացել, ծնվեց գործազրկությունը, ու մենք սկսեցինք լքել Հայաստանը, աշխատանքի համար լքել Հայաստանը։ Ինչպես դուք, այնպես էլ ՝Տաշիրի ժողովուրդը, այնպես էլ՝ Սամվել Կարապետյանը դուրս եկավ Հայաստանից և սկսեց գիշեր ու զոր աշխատել, աշխատել՝ հիշելով հայրենիքը։ Գիտեմ, որ շատերը եք դրսում աշխատել, եղել է օր աշխատանքի ժամանակ, որ չհիշեք ձեր հայրենիքը։ Այս մարդիկ իրենց աշխատանքով կարողացել են պահել Հայաստանը։ Այն միջոցները, որոնք այնտեղից ուղարկվել են, պահել է Հայաստանը։ Այսօր մի փոքրիկ խմբակ այս մարդկանց ասում է՝ դրսից եկած։ Ձեր նախորդները քանդել են մեր երկրի արդյունաբերությունը, քանդել են մեր երկրի տնտեսությունը, ձեր նմանները,  մարդիկ ստիպված են եղել գնան դուրս՝ աշխատանքի ու կառուցեն ուրիշի երկիրը։Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում, ձեր նմանների պես քանդած երկրում, ասեք՝ դրսից եկած։ Ո՞ւր ենք դրսից եկել, մեր հայրենիքն է։ Մեր հայրենիքն այսքան տարի պահել ենք, մեր աշխատանքի հաշվին, ուղարկած գումարների հաշվին»։

Շարունակելով խոսքը Կարապետյանը մարտունեցիներին հավաստիացրեց, որ ,շարունակելու են կառուցել մեր երկիրը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։

«Դուք, ձեր որդիները վերադառնալու են Հայաստան, որովհետև այդ շինարարությունները Հայաստանում են լինելու, որովհետև վերակառուցվելու է մեր երկիրը։ Ինձանից առաջ շատ մարդիկ են եկել այս քաղաք, տասնյակ տարիներ խոստումներ են տվել, եթե իրենք լուծած լինեին այդ խոստումները, մենք ստիպված չէինք լինի Հայաստանից գնալ։ Եթե այդ քաղաքական գործիչները լուծած լինեին Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մենք էլ այսօր այստեղ անելիք չէինք ունենա։ Ինչո՞ւ ենք մենք եկել, որովհետև չեն լուծել»,- հավելեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder