Վտանգավոր եմ համարում տնտեսական համագործակցության շրջանակներում թուրքական ընկերությունների էքսպանսիան. Գագիկ Մակարյան
Տնտեսություն
21:39 15/05/2026
Տարածաշրջան

Վտանգավոր եմ համարում տնտեսական համագործակցության շրջանակներում թուրքական ընկերությունների էքսպանսիան. Գագիկ Մակարյան

Օրերս ՀՀ ԱԳՆ ողջունել էր ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացման վերաբերյալ Թուրքիայի որոշումը՝ այն գնահատելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունք:

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ խոսնակի մակարդակով տարածված հայտարարության մեջ:

Panorama.am-ը դիմեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին՝ խնդրելով գնահատել որոշման տնտեսական բաղադրիչը Հայաստանի՝ նման թույլ և ոչ մրցունակ տնտեսության պայմաններում։

«Թուրքիա-Հայաստան երկկող առևտրի արգելքի վերացումն ունի ազդեցության երկու փուլ։ Առաջին՝ դրական, քանի որ հիմնականում թուրքական ապրանքները Հայաստան են գալիս Վրաստանում ձևակերպված ընկերությունների, կամ միջնորդների միջոցով, երբ փաստաթղթերը փոխվում էին,  որովհետև Թուրքիան արգելում էր իր մոտ պաշտոնապես ցույց տալ Հայաստանի հետ առևտուր։ Թուրքիայի վիճակագրությունը Հայաստանի հետ պաշտոնապես 0 էր ցույց տրվում, քանի որ այդ միջնորդավճարները կարող են վերանալ, նաև Վրաստանում կամ Դուբայի այդ ընկերությունների միջոցով գրանցումը, դրանց միջոցով բերելան այլևս չլինի, որովհետև արդեն ուղիղ ձևով կարող ենք բերել, հետևաբար այդ առումով կարող է գուցե լինի ավելի եկամտաբեր առևտուր։ Ես վստահ չեմ, որ հայկական ֆիրմաները, որոնք ներկրում են թուրքական ապրանքներ, ավելի կէժանացնեն դրանք, կարող է չէժանացնեն, բայց իրենց համար ավելի շատ եկամուտներ կլինեն։ Որովհետև նրանք արդեն միջնորդների վրա կամ Վրաստանում ավելորդ գումար չեն ծախսի։

Եթե բացվի Կարս-Գյումրի ճանապարհը՝ երկաթգիծը, կամ ավտոճանապարհը, ապա մյուս օգուտն այն է, որ ապրանքներն այլևս Վրաստան չեն մտնի տրանսպորտային լոգիստիկան ավելի կէժանանա, տեղափոխման տևողությունը ժամանակի առումով կկրճատվի, ավելի հեշտ ու արագ կբերենք ապրանքներ Հայաստան, նույն կերպ էլ Հայաստանից կարտահանվի դեպի Թուրքիա կամ այդ երկրի  միջոցով երրորդ երկրներ։

Նույն կերպով էլ երրորդ երկրների ապրանքները, որպես տրանզիտային բեռ, կգան Թուրքիայով և կմտնեն Հայաստան։ Այսինքը նախադրյալներ կան, որ տրանսպորտային գները կարող են կրճատվել և միջնորդավճարները վերանան, ինչի արդյունքում ապրանքները պետք է սկզբունքորեն էժանանան։ Եթե չէժանանան, ապա տվյալ ընկերությունների գործունեությունն ավելի եկամտաբեր կդառնա։ Սա առաջին փուլն է։

Հիմա խոսում են միայն առևտրի մասին, բայց երկրորդ փուլում ես ենթադրում եմ, որ առևտուրը միշտ էլ տնտեսական համագործակցության սկիզբն է լինելու։ Ենթադրում եմ, որ հետագայում այն կվերածվի տնտեսական համագործակցության Թուրքիայի  և Հայաստանի միջև։ Սա ավելի մեծ դրական և բացասական ռիսկեր ունի։

Դրականն այն է, որ Հայաստանի տնտեսությունն, աճելուն զուգընթաց, ինչի պահանջարկ ունի՝ ավելի հեշտ կբերի Թուրքիայից, որը բավականին զարգացած տնտեսություն ունի, հատկապես թուրքական հոսքագծերը, սարքավորումենրը. տարբեր ապրանքները, որոնք որ օգտագորվում են Հայաստանի տարբեր արդյունաբերական ճյուղերում և գյուղատնտեսության համար, կարող են ավելի հեշտ ներկրվել, հարմար պայմաններով, նույն ձևով նաև գյուղմթերքները։

Շատերը խոսում են այն մասին, որ գյուղմթերքը գյուղատնտեսության վրա կազդի, կամ ցածր գները մրցակցություն կառաջացնեն, այդ բոլորը հնարավոր է, բայց ավելի վտանգավոր եմ համարում տնտեսական համագործակցության շրջանակներում թուրքական ընկերությունների էքսպանսիան, որին կարող  է նպաստել թուրքական կառավարույթունը և նույնիսկ՝ կարող է հորդորել ներքին կարգով։

Առաջին՝ եթե Թուրքիան ցանկանա Հայաստանի տնտեսությունը գրավել և ունենալ ազդեցություն հայկական տնտեսության վրա, ապա կարող է մի քանի կարևոր ուղղությունների վրա իր ձեռքը դնել, որոնցից առաջինն է ֆինանսական շուկան, այսինքը՝ բանկերի ձեռքբերում, նորերի հիմնադրում կամ բանկերի փայատոմսերի ձեռք բերում և ֆինանսական շուկայի վրա որոշակի վերահսկողություն՝ վարկերի և այլնի միջոցով, դրանով նաև տեղեկատվություն ունենալ հայկական ընկերությունների քաղաքացիների մասին։

Երկրորդ՝ անշարժ գույկքի շուկան է, որտեղ թուրքական ընկերությունները կարող են կառուցած շենքեր ձեռք բերել շուկայում, որոնք կառուցապատողները կառուցում են, բայց այսօրվա վիճակով դժվար են վաճառում բնակարանները։ Կարող են մի ամբղջ շենք ձեռք բերել, և հետո իրացնեն։ Իսկ թե հետո ում կվաճառեն այդ բնակարանները, այն արդեն ռիսկերից մեկն է՝ թուրքե՞րը կգնեն, ադրբեջանցինե՞րը, թե՞ այլ երկրի քաղաքացիները։ Եթե լինի Հայաստանում էքսպանսիա անելու քաղաքականություն, ապա իրենք նման քայլերի կդիմեն նաև անշարժ գույքի միջոցով։

Երրորդ վտանգավոր ազդեցության ոլորտը հյուրանոցային բիզնեսն է, տուրիզմի հետ մեկտեղ, որովհետև հյուրանոցային բիզնեսն էլ ունի խոցելի տեղեր։ Կառուցում կամ ձեռքբերում և դրանով որոշակի ազդեցություն ունենալ հյուրանոցային բիզնեսի վրա։ Թուրքիան տուրիզմով զարգացած երկիր է։ Իհարկե, կորոնավիրուսից հետ ոլորտը որոշակիորեն հետնահանջ գրանցեց, բայց մինչ այս Թուրքիան տուրիզմի առումով ամենաէժան երկրներից մեկն էր։ Զբոսաշրջիկները գնում էին երկու ուղղությամբ՝ Անթալիա՝ հանգստանալու համար և Ստամբուլ որպես խոշոր քաղաք հազարավոր խանութներով փողոցներով ապրանքներով լցված։

Չորրորդը՝ կարծում եմ, որ էքսպանսիայի նպատակով կարող են ընկերություններ գրանցել Հայաստանում, որոնցով փորձեն հող ձեռք բերել, կամ վարձակալել, մանավանդ, որ մեր գյուղացիները, շատ դեպքերում այդ հողերի «ձեռքը կրակն են ընկել» չեն կարողանում մշակել և դրանք դեգրադացիայի են ենթարկվում։

Ես միշտ բոլոր մակարդակներում, նաև՝ պետական պաշտոնյաներին զգուշացնում եմ, որ ոչ թե թռուցիկ մոտենալ, թե  բա՝ առևտրի հետ կապված խնդիր չունենք, կամ թե այն գների առումով առանձնապես խնդիր չի առաջացնի, դեմպինգ չի առաջացնի, թե մրցակցությունն այդքան էլ ռիսկային չէ, ինչը, որ առնում էինք, դա ենք առնելու...Բայց տնտեսական բլոկում ես տեսնում եմ լուրջ վտանգներ թվարկածս ուղղությունների մեջ։

Կա նաև հինգերրորդ դաշտը՝ շինարարությունը, որ կարող են լինել այնպիսի տենդերներ, որ Թուրքիան մասնակցի և հաղթի, եթե աստիճանաբար տնտեսական համագործակցույթունը խորան։ Թուրքիան շինարարական ոլորտում շատ ուժեղ է, նաև՝ մետաղական, շինարարական նյութերի արտադրության մեջ։ Աշխարհում Թուրքիան ցեմենտ արտադրող ամենախոշոր երկրներից մեկն է, 56-58 գործարան որոնք միասին արտադրում են 78 մլն տոննա ցեմենտ։ Եթե երկաթգիծն աշխատի իրենք նաև շինանյութ կբերեն և շինարարություն կանեն իրենց նյութերով, ավելի էժան,  հետևաբար շինարարության ոլորտում էլ էքսապանսի կարող է կատարվել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վտանգավոր եմ համարում տնտեսական համագործակցության շրջանակներում թուրքական ընկերությունների էքսպանսիան. Գագիկ Մակարյան