Իրանում հաշվել են, թե որքան կարժենա պատերազմի ընթացքում վնասված պատմամշակութային հուշարձանների վերականգնումը
Քաղաքական
13:30 18/05/2026
Տարածաշրջան

Իրանում հաշվել են, թե որքան կարժենա պատերազմի ընթացքում վնասված պատմամշակութային հուշարձանների վերականգնումը

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ երկիրը իրավական քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների և Իսրայելի ռեժիմի դեմ՝ տասնյակ պատմական վայրերի և մշակութային հուշարձանների վրա հարձակումների հետ կապված։ Այս մասին հայտնում է «Մեհր» լրատվական գործակալությունը։

Կիրակի օրն X-ի իր  էջում գրառման մեջ Ղարիբաբադին իրանական մշակութային ժառանգության վրա ԱՄՆ-Իսրայելի հարձակումները որակել է որպես մարդկային ընդհանուր հիշողության դեմ՝ ասելով, որ նրանք, ովքեր զոհաբերում են մեծ իրանական ազգի պատմությունը իրենց քաղաքական և ռազմական նպատակների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Իրանի մշակութային ժառանգությունը միայն իրանցիների ազգային ժառանգությունը չէ, այն մարդկության ընդհանուր հիշողության մի մասն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կգրանցի և կփաստաթղթավորի այս ագրեսիան իր մշակութային ժառանգության դեմ և կհետապնդի այն միջազգային պատասխանատվության շրջանակներում», - ասել է դիվանագետը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելի ռեժիմը փետրվարի 28-ին սկսված և 39 օր անց հրադադարի շրջանակներում կասեցված վերջին ագրեսիայի ընթացքում հարձակվել են առնվազն 149 պատմական վայրերի և թանգարանների վրա Իրանի 20 նահանգներում։

Ղարիբաբադին հայտնել է, որ հարձակման ենթարկված վայրերից հինգը գտնվում են ՄԱԿ-ի մշակութային գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) պաշտպանության տակ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար կանոնների համաձայն՝ մշակութային արժեքները պետք է հարգվեն և պաշտպանվեն զինված հակամարտությունների ժամանակ», - ասել է  նա։ -«Վերջին ագրեսիայի ընթացքում Իրանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը ցույց է տալիս, որ կատարված խախտումների շրջանակը գերազանցում է ուժի կիրառման արգելքը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, և թիրախավորել է նաև իրանական ազգի պատմական և քաղաքակրթական հիշողությունը»։

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարությունը գնահատում է, որ ԱՄՆ-իսրայելական ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված ժառանգության վայրերի վերանորոգումը կարժենա մոտ 70 տրիլիոն ռիալ (մոտ 39 միլիոն դոլար)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder