Ինչո՞ւ է նյարդայնանում Նիկոլ Փաշինյանը
Քաղաքական
15:45 19/05/2026
Հայաստան

Ինչո՞ւ է նյարդայնանում Նիկոլ Փաշինյանը

«Երբ մարդը վախեցած է, սկսում է բարձր գոռալ։ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, և դրա արդյունքում նա սկսում է  գոռգոռալ, ճվճվալ և հայկական արժեհամակարգին ոչ հարիր դրսևորումներ ունենալ՝ կնոջը քաշքշել, լեզվակռվի մեջ մտնել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով, դա դատապարտելի է, անընդունելի մոտեցում բոլոր առումներով՝ և տղայական, և բարոյական։

«Փաշինյանը վախեցած է, նա վախենում է իշխանությունը կորցնել ու ընկնել Սաակաշվիլիի օրը, ասելիք չունի, դրա համար անցնում է վիրավորանքների։ Բայց նա պետք է պատասխան տա, օրինակ, թե ինչու ՔՊ-ի քարոզչական պաստառը պոկելու մարդուն ինչո՞ւ տարան ինքնասպանության, ինչո՞ւ հանձնեցին Արցախը, ինչո՞ւ իրենց վարած քաղաքականության հետևանքով բերեցին պատերազմ ու պարտություն, ինչի՞ են դրսի ուժերի դրդմամբ վատացնում Ռուսաստանի հետ հարաբերություններն ու պատրաստվում վնաս տալ Հայաստանի տնտեսությանը»,-ասաց Թևանյանը՝ նշելով, որ այդ հարցերից խուսափելու  համար է անցնում վիրավորանքների։

Այս առումով նա ուշադրություն է հրավիրում եվրոպական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների լռության վրա։

«Քանի որ Նիկոլն իրենցն է, որևէ արձագանք չենք տալիս, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն էլ ձկան պես լուռ են։ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզվում է նաև ազգային ռասիզմ՝ ղարաբաղցիների դեմ։ Իր համար լավագույն ղարաբաղցիները մահացած ղարաբաղցիներն են, իր մոտ կա ատելություն։ Նրա մոտ կա մանթրաժ, ինքը մնացել է 18 թվականի տակ, մտածում էր, եթե դուր գա փողոց, շփվի քաղաքացիների հետ, ինքը դառնալու է առաջվա նախշունը չէ, քանի որ առաջվա նախշունը չէ, նյարդայնանում է ու կոմպլեքսավորվում; Հիմա եկել է չարի վերջը, որը մենք պետք է ժողովրդի հետ միասնաբար արձանագրենք հունիսի 7-ին»,-ասաց Թևանյանը։

Քաղաքական գործիչը քաղաքացիներին հորդորում է Փաշինյանի հետ բանավեճի չբռնվել, անձնական վիրավորանքներ չհասցնել, փոխարենը տալ կոշտ ու կոպիտ քաղաքական գնահատականներ, անել հարցադրումներ։

«Բոլորին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին, որպեսզի վռնդենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու բացենք նոր՝ երաշխավորված խաղաղության էջ»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder