Մեր երկիրն ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմաններում. Բագրատ Սրբազան
Հասարակություն
19:54 21/05/2026
Հայաստան

Մեր երկիրն ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմաններում. Բագրատ Սրբազան

«Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել երեկվա, այօրվա բոլոր շնորհավաորանքների համար, նաև ժողովրդին, որ դրսում են գտնվում, մեր ողջույններն ու սերը բոլորիդ և հատկապես բոլոր մեր հայրենակիցներին», - դատարանում իր խոսքը շնորհակալությամբ սկսեց Բագրատ Սրբազանը։

 «Պատվարժան դատարան, ես հետևում էի ընթացքին՝ մի ականջով լսում էի, մի ականջով ՝ ոչ, շատ հասկանալի պատճառներով։ Մեր երկիրն ապրում է ոչ խաղաղ իրավիճակում, հոգևոր իմաստով՝ անխաղաղ իրավիճակում։ Եթե այլ բան չասեմ, կասեմ՝ ապրում է հոգեբուժարանին հատուկ պայմանների իրավիճակում։ Դուք այսօր որոշումներ կայացրիք երկու անձի նկատմամբ` (վստահ եմ՝ երրորդինն էլ կկայացնենք) սահմանափակելով իրենց ընտրելու իրավունքը և իրենց իրավունքը՝ որպես պատգամավորի թեկնածու։ Ժողովրդի իրավունքը սահմանափակված է: Արթուրը շատ ճիշտ ասաց՝ հարյուր հազար մարդ ինչպե՞ս բերեմ այստեղ հասցնեմ կամ Իգորի պարագայում, նույնն էլ Վահագնի պարագայում է լինելու»,- նշել է նա։

Սրբազանն իր խոսքում ընդգծեց, որ 11 ամիս նույն իրավիճակի ականատես են։

«Ինձ  միշտ թվում է՝ հասել ենք վերջին կետին, մի տեղ մի լույս ծագելու է ու մի լույս ծագելու է այս դատարանում։ Սակայն անընդհատ գալիս հանգում եմ այն  եզրակացությանը, որ միակ պատճառը այս դատարանում լույս ծագելու և ձեզ ու մեղադրողներին էլ ազատելու մեր երկրի այս հոգեբուժարանի վայել կարգերի փոփոխությունն է։ Պատվարժան դատարան, դուք որքան էլ ուզում եք՝ արգելեք Վահագնը չխոսի՛, Արթուրը չխոսի՛, Իգորը չխոսի՛, մյուսը չխոսի՛, ես չխոսե՛մ, կապ չունի, իրականությունը դա է։ Դուք էլ եք ապրում դրա մեջ ու ձեր առանձնասենյակում այդ ցավն էլ եք ապրում, իսկ եթե չեք ապրում՝ մենք ձեզ չենք հասկանում։  Այդուհանդերձ այն որոշումները, որոնք կայացվում են այստեղ՝ ձեր որոշումները չեն, որովհետև մեղադրանք չկա հիմքում»,- ասել է Սրբազանը։

Խոսքը եզրափակելով՝ Սրբազան Հայրը դիմել է ժողովրդին.« Գնացե՛ք ընտրության ու մերժե՛ք այս չարիքի իշխանոիթյունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder