Տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված խնդիրները լուծելու համար նոր ծրագիր է մշակվել
Տնտեսություն
12:40 21/05/2026
Հայաստան

Տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված խնդիրները լուծելու համար նոր ծրագիր է մշակվել

«Գործող նախագծի համաձայն՝ Կառավարությունը մինչև 40 % փոխհատուցում էր տալիս, եթե ֆերմերները 25 և ավելի գլուխ տոհմային կենդանի էին գնում ՀՀ-ից կամ ներմուծում էին ՀՀ, և 30 % փոխհատուցում, եթե մինչև 25 գլուխ տոհմային կենդանի էին գնում: Սակայն ֆերմերների ակնկալիքը, ըստ նախարարի, ավելի մեծ փոխհատուցումն է՝ հաշվի առնելով ոլորտի շահութաբերությունը» կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով տավարաբուծության զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։

Նրա խոսքով՝ ծրագիրը մշակելիս հաշվի է առնվել, որ ՀՀ-ում վերջին տարիներին տավարի գլխաքանակի և կաթի արտադրության ծավալների հետ կապված որոշակի խնդիրներ կան:

Պապոյանը հայտնեց, որ նոր նախագծով առաջարկվում է փոխհատուցման ծավալը հասցնել 50%-ի՝ անկախ գլխաքանակից: 

«Երկրորդ կարևոր կետն այն է, որ եթե մինչ այս փոխհատուցում էինք տրամադրում առավելագույնը 300 տոհմային կենդանու համար, հիմա այդ թիվն առաջարկում ենք հասցնել 1000-ի, այսինքն՝ խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել, մինչև 1000 գլխաքանակ ներմուծել Հայաստան կամ արդեն իսկ Հայաստանում արտադրողներից գնել, արդեն 1000 գլխաքանակի դեպքում փոխհատուցում ենք»,- ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց,որ մեկ այլ փոփոխությամբ՝ ձեռք բերվող տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը առաջարկվում է 1,1 մլն դրամ:

Էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ նոր կարգավորում է առաջարկվում նաև վարկային բացադրիչի մասով: Կառավարությունը կենդանիներ ձեռք բերելու գումարը փոխհատուցում էր 2-3 տոկոսով, եթե ներմուծվող էր, ֆերմերները վարկով գնում էին 3 տոկոսային կետով, իսկ եթե Հայաստանի ներսից, ապա՝ 2 տոկոսային կետով: Հիմա առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել, 0 տոկոս դարձնել, բայց վարկը պետք է լինի ոչ ավելի, քան 14 տոկոս: Իսկ վարկի արտոնյալ ժամկետը 12-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 18 ամիս, ինչը նշանակում է, որ մայր գումարի մարումները սկսվում են 18-րդ ամսից հետո:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder