Միրզոյանն արձագանքել է Լավրովին
Քաղաքական
17:45 23/05/2026
Հայաստան

Միրզոյանն արձագանքել է Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքել է Ռուսաստանի ԱԳ Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե Եվրամիությունը «Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ»։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարբեր երկրների հետ պահպանում և հաստատում ենք բազմաթիվ գործընկերային, այդ թվում՝ ռազմավարական հարաբերություններ։ Եվ ոչ մի՝ տեսականորեն ցանկացած երկու հարաբերություն ուղղված չէ երրորդ գործընկերոջ դեմ։ Նույնը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությանը, մեր և Եվրոպական միության միջև ռազմավարական օրակարգի շրջանակներում գործընկերությանը։ Դրանցից և ոչ մեկն ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,-  Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ News.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հայտարարությանը։

Նա շարունակել է. «Ընդ որում, մեր օրակարգերը հրապարակային են, փաստաթղթավորված և հանրայնացված։ Մենք տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ենք իրականացնում մեր գործընկերների հետ։

Վերջին շրջանում շեշտը գերակշռողաբար դրվում է թվային օրակարգերի, արհեստական բանականության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական կապերի խթանման և այլնի վրա, ինչպես նաև, օրինակ՝ Հայաստանում ժողովրդավարության դիմակայունության աջակցման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա։ Եթե դա ռուս գործընկերներին դուր չի գալիս, ինձ համար մի տեսակ դժվար է հասկանալ, թե ինչու։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դուր չի գալիս, երևի թե իրենք էլ պետք է ջանքեր գործադրեն մեզ հասկանալու համար»»։ 

Հիշեցնենք՝  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է վնասելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder