Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից
Իրավունք
14:51 24/05/2026
Հայաստան

Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանը միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ․-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է մայիսի 22-ին՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց հայտնաբերված «Mercedes G» մակնիշի («յաշիկ») ավտոմեքենան վարելու և նշված ավտոմեքենայի մեջ Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ․-ի մարմինը տեղափոխելու համար։

«Դատարանը պետք է որոշի՝ կբավարարի քննիչի միջնորդությունը, թե ոչ, իսկ քննչական բաժինը աշխատում է մի քանի վարկածի ուղղությամբ՝ սպանություն կամ ինքնասպանության հասցնել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային և հետքաբանական։

Հաստատվել է նաև տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար, և ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք՝ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա»,- հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից