Ուգանդայի ազգային պարկում ուղևորատար միկրոավտոբուսի և փղի բախման հետևանքով 3 մարդ է զոհվել
Հասարակություն
16:10 26/05/2026
Աշխարհ

Ուգանդայի ազգային պարկում ուղևորատար միկրոավտոբուսի և փղի բախման հետևանքով 3 մարդ է զոհվել

Ուգանդայի ազգային պարկում միկրոավտոբուսի և փղի բախման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով տեղի  ոստիկանության հայտարարությանը։

Վթարը տեղի է ունեցել ազգային պարկի տարածքով անցնող ասֆալտապատ ճանապարհին։ Միկրոավտոբուսը տեղափոխում էր Ուգանդայի եկամուտների վարչության աշխատակիցներին, որոնք երկրի հյուսիսից ուղևորվում էին դեպի մայրաքաղաք Կամպալա։

Ոստիկանության տվյալներով՝ կենդանուն բախվելուց հետո վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգությունը։

Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են վնասված մեքենայում գտնվող մարդիկ օգնություն խնդրում, մինչդեռ վիրավորված փիղը փորձում է հեռանալ դեպի թփուտներ։ Առայժմ հայտնի չէ՝ կենդանին ողջ է մնացել, թե ոչ։

Ուգանդայի ոստիկանությունը վարորդներին կոչ է արել առավել զգույշ լինել ազգային պարկերի և վայրի բնության պահպանվող տարածքների ճանապարհներին երթևեկելիս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուգանդայի ազգային պարկում ուղևորատար միկրոավտոբուսի և փղի բախման հետևանքով 3 մարդ է զոհվել