Հայտարարություն Panorama.am-ի հարկադիր անջատման մասին
Քաղաքական
23:27 27/05/2026
Հայաստան

Հայտարարություն Panorama.am-ի հարկադիր անջատման մասին

Մայիսի 27-ին ժամը 17։00-18։45-ն ընկած հատվածում ձեռնարկվել է միջամտության ապօրինի փորձ, որի հետևանքով հարկադիր փակվել է Panorama.am լրատվական կայքը։ Մենք խստորեն դատապարտում ենք թվային հարթակի մեխանիզմների չարաշահման այս աղաղակող օրինակը և առցանց լրատվամիջոցների վրա ոչ թափանցիկ արտաքին ճնշումը։

Մայիսի 22-ին panorama.am  կայքը սպասարկող ընկերությունները ստացել են շար արտառոց նամակ մի մանձի կողմից, որը ներկայացել էր որպես պակիստանցի փաստաբան Փենջաբ նահանգից։ Նամակում նշվում էր, որ panorama.am-ում հրապարակված նյութը խախտում է հեղինակային իրավունքների վերաբերյալ DMCA նորմերը, պահանջում էին կայքից անհապաղ հեռացնել այդ նյութը։ Խոսքը մի նյութի մասին է, որը panorama.am-ը չէր պատրաստել, այն արտատպվել էր այլ ԶԼՄ-ներից՝ լրագրության ընդունված պրակտիկայի շրջանակում, ինչպես նաև սկզբնաղբյուրի նյութին արված հիպերլինկերի պահպանմամբ։ 

Բողոքում նաև ասվում էր, որ հրապարակումն ունի զրպարտող բնույթ ու վնաս է հասցնում դիմումատուի հաճախորդին։ Իր հերթին panorama.am-ի խմբագրությունն օպերատիվ կերպով կապ է հաստատել հայկական խոշոր բիզնես կառույցի հետ, որը հիշատակված էր պակիստանցի իրավաբանի նամակում, որի անունից էլ իբր հանդես էր գալիս վերջինը, և պահանջել պաշտոնական պարզաբանում հարցի վերաբերյալ։ Գրավոր պաշտոնական պատասխանում վերոհիշյալ բիզնես կառույցը հայտնել է, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում հրապարակված նյութի հետ կապված ու որևէ իրավաբանի այդ հարցով չեն դիմել։ Չնայած այս պարզաբանմանը չնայած, որպես պակիստանցի փաստաբան կամ միջնորդ ներկայացած մի անձ գործողություններ ձեռնարկեց հոսթինգային ծառայությունների միջոցով, ինչի հետևանքով panorama.am-ը կարճ ժամանակով փակվեց։

Մենք սա համարում ենք Հայաստանում խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության անընդունելի խախտում։ Իսկ այն փաստը, որ այդ գործողությունը տեղի է  ունենում նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլում, իրավիճակն ավելի անհանգստացնող է դարձնում ու առաջացնում է լուրջ մտահոգություններ լրատվամիջոցների դեմ քաղաքական դրդապատճառներով միջամտության վերաբերյալ։

Կարծում ենք, որ սա քաղաքական դրդապատճառներով հարձակում է  panorama.am կայքի և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի դեմ։ Այս պրակտիկան պետք է անհապաղ դադարեցվի։

Կոչ ենք անում ԶԼՄ-ների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցներին, ինչպես նաև թվային հարթակների օպերատորներին, մատակարարներին շտապ ուսումնասիրել այս դեպքը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու թվային ենթակառուցվածքների չարաշահումը՝ որպես գրաքննության և քաղաքական ճնշման գործիք։

Panorama.am-ի խմբագրությունը հայտնում է իր լիակատար պատրաստակամությունը՝  իրավապաշտպան շահագրգիռ կազմակերպություններին տրամադրելու համապատասխան տեղեկատվություն։

Նաև կոչ ենք անում մեր լսարանին panorama.am-ի նյութերին հետևել ոչ միայն կայքում, այլև միանալ սոցիալական ցանցերի մեր էջերին, մինչև վերոնշյալ իրավիճակի վերջնական կարգավորումը։

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը անհարմարության համար և շնորհակալ ենք աջակցության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder