«Ժողովուրդ». 231 դպրոց փակելու մասին տեղեկությունները ճի՞շտ չեն
Օրվա մամուլ
08:36 27/05/2026
Հայաստան

«Ժողովուրդ». 231 դպրոց փակելու մասին տեղեկությունները ճի՞շտ չեն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային կրթության խորհուրդը վերջին ամիսներին պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավորվել՝ հղում անելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանին:

Խորհուրդը հատկապես վերջին շաբաթներին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է այն դպրոցների լուսանկարները, որոնք ընդգրկված են ցանկում՝ պնդելով, որ դրանցից շատերը գտնվում են բարվոք վիճակում և «ավերակ» չեն, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։

Ազգային կրթության խորհրդի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է 229-231 դպրոցների, որոնց գործունեությունը կարող է դադարեցվել կամ որոնք կարող են միավորվել այլ կրթական հաստատությունների հետ։ Ըստ խորհրդի հրապարակումների՝ դրա հետևանքով շուրջ 7880 աշակերտ կարող է զրկվել սեփական համայնքում կրթություն ստանալու հնարավորությունից, շուրջ 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող՝ աշխատանքից, իսկ ցանկում ընդգրկված դպրոցներից 55-ը սահմանամերձ բնակավայրերում են, որոնցից 27-ը՝ Սյունիքի մարզում։ Խորհուրդը նաև նշում է, որ ամենախոցելի մարզերից են Սյունիքը, Շիրակը, Լոռին, Տավուշն ու Գեղարքունիքը։

Փետրվարի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքել էր շրջանառվող տեղեկությունները՝ հայտարարելով, որ «2026 թվականի սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են»։ Միաժամանակ նախարարությունից ընդգծել են, որ «երեխաների համար կառուցվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder