Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գտնվող Լիոնել Մեսսիի 70 ոտնաչափ բարձրությամբ արձանը պատրաստվում են ապամոնտաժել, քանի որ նկատել են՝ այն քամուց վտանգավոր կերպով տատանվում է։ Հսկայական արձանը տեղադրվել էր անցած տարվա դեկտեմբերին՝ Մեսսիի շրջագայության շրջանակում։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արևմտյան Բենգալիայի Հանրային աշխատանքների վարչության ինժեներները երկուշաբթի ստուգել են արձանը՝ բնակիչների բողոքներից հետո։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ կառույցի ամրությունը լուրջ խնդիրներ ունի, ինչից հետո որոշում է կայացվել այն անհապաղ ապամոնտաժել և տեղափոխել։
Արևմտյան Բենգալիայի օրենսդիր Շարադվատ Մուքերջին ասել է, որ «արգենտինացի ֆուտբոլային լեգենդի արձանը վտանգավոր է ճանաչվել»։ Նրա խոսքով՝ «արձանը քամուց օրորվում էր»։
Նա նաև նշել է, որ արձանի ապամոնտաժումը հեշտ գործ չէ, քանի որ այն գտնվում է մարդաշատ ճանապարհի և մետրոյի կայարանի մոտ, սակայն իշխանությունները փորձում են այն հեռացնել հնարավորինս շուտ։
Տեղական աղբյուրների համաձայն՝ ապակեպլաստից և երկաթից պատրաստված արձանը ամրացված է նեյլոնե պարաններով, իսկ տարածքում տեղադրվել են արգելապատնեշներ՝ մարդկանց և մեքենաների անվտանգությունն ապահովելու համար։
Իշխանությունները հիմա քննարկում են արձանի համար նոր վայրի տարբերակներ։ Արձանը կառուցվել էր 27 օրում՝ 45 աշխատակիցներից բաղկացած խմբի կողմից։
Մեսսին, որը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը, արձանը բացել էր առցանց ձևաչափով՝ էկրանի միջոցով հեռակառավարման կոճակ սեղմելով։ Նրա՝ Կալկաթա այցը ստվերվել էր Սոլթ Լեյք մարզադաշտում տեղի ունեցած անկարգություններով։