Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վլադիմիր Գասպարյանը խնամիներ են դարձել
Համացանց
17:52 29/05/2026
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վլադիմիր Գասպարյանը խնամիներ են դարձել

Հայաստանյան վերնախավում սպասվում է տարվա, թերևս նաև տասնամյակի ամենաաղմկահարույց և էլիտար հարսանիքներից մեկը։ «Հրապարակ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ նշանադրվել են երկու բոլորովին տարբեր քաղաքական ու գաղափարական բևեռների ներկայացուցիչներ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհին՝ Լուսիան, և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին՝ Վլադիմիր կրտսերը։

Լուրերը վկայում են, որ նշանադրության արարողությունը տեղի է ունեցել առավելագույնս փակ, գաղտնի և միայն ամենամոտ ընտանեկան միջավայրում՝ զերծ պահելով այն հանրային ու մեդիա ավելորդ աղմուկից։

Հարսնացուն՝ Լուսիա Տեր-Պետրոսյանը, մեծացել է ակադեմիական, զսպված և ընդգծված մտավորական միջավայրում, որտեղ միշտ գերիշխել են քաղաքական սառնասրտությունն ու դասական էլեգանտությունը։

Փեսացուն՝ Վլադիմիր Գասպարյան կրտսերը, կրում է իր հոր՝ Հայաստանի ամենաէմոցիոնալ, ազդեցիկ ու կոլորիտային ուժայիններից մեկի անունն ու խարիզման, ում կառավարման տարիները մեկից ավելի անգամ խաչվել են առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժի բուռն հանրահավաքների ու պայքարի հետ։ Երևի թե սա այն դեպքն է, երբ սերն ու երիտասարդությունը ջնջում են անցյալի բոլոր գաղափարական տարաձայնություններն ու քաղաքական հակամարտությունները։ Թեև ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը, և ոչ էլ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել, սոցցանցերում արդեն բուռն քննարկում են, թե ինչպիսին է լինելու սպասվող հարսանիքը, և արդյոք նույն սեղանի շուրջ կհանդիպեն անցյալի քաղաքական հակառակորդները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder