Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշարհի հարուստ ընտանիքները նվազեցնում են իրենց կախվածությունը ԱՄՆ դոլարից. Reuters
Աշխարհի ամենահարուստ ընտանիքները սկսում են վերանայել իրենց ներդրումային ռազմավարությունները՝ նվազեցնելով ԱՄՆ դոլարի նկատմամբ կախվածությունը։ Այս մասին գրում է Reuters-ը` հղում անելով շվեյցարական UBS բանկի «Global Family Office Report 2026» զեկույցին։
UBS-ի կողմից հարցված ընտանեկան գրասենյակների մոտ երկու երրորդը կանխատեսում է, որ առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի նկատմամբ վստահությունը կնվազի։ Հարցումն անցկացվել է 2026 թվականի հունվարից մինչև մարտի վերջը՝ մինչև այն ժամանակահատվածը, երբ դոլարը սկսեց վերականգնել դիրքերը մի շարք արժույթների նկատմամբ։
Զեկույցի համաձայն՝ դոլարի փոխարժեքի անկումը, աշխարհաքաղաքական լարվածությունների աճը և ԱՄՆ պետական պարտքի մեծացումը ստիպել են խոշոր կապիտալ ունեցող ընտանիքներին վերագնահատել իրենց պորտֆելները։ UBS-ի ռազմավարագետ Մաքսիմիլիան Կունկելի խոսքով՝ հարցվածների գրեթե կեսը եզրակացրել է, որ չափազանց մեծ կախվածություն ունի ամերիկյան արժույթից։
UBS-ը նշում է, որ ընտանեկան գրասենյակները նախատեսում են ավելացնել ներդրումները զարգացող շուկաների բաժնետոմսերում և ենթակառուցվածքային նախագծերում՝ միաժամանակ կրճատելով անշարժ գույքի մասնաբաժինը։ Բացի այդ, աճում է հետաքրքրությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, մասամբ նաև Արևմտյան Եվրոպայի նկատմամբ։
UBS-ի գործադիր տնօրեն Բենջամին Կավալին նշել է, որ նման միտումը հատկապես նկատվում է ԱՄՆ-ից դուրս գործող ընտանեկան գրասենյակների շրջանում, սակայն փոփոխությունների նշաններ արդեն երևում են նաև ամերիկյան ընտանիքների մոտ։
Զեկույցում ընդգծվում է, որ խոշոր ներդրողների հիմնական մտահոգությունը ներկայում աշխարհաքաղաքական հակամարտություններն են։ Այդ պատճառով շատ ընտանեկան գրասենյակներ նախընտրում են ակտիվների բաշխումը համատեղել «բազմաբնակարանային» ռազմավարության հետ՝ գործունեությունը կազմակերպելով տարբեր իրավասություններում՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով։
UBS-ի հարցմանը մասնակցել է 307 ընտանեկան գրասենյակ։ Մասնակից ընտանիքների միջին կարողությունը կազմել է 2.7 միլիարդ դոլար։