Արդյոք լոկ չիմացությո՞ւնն է, երբ հակադրվում են ինքնիշխանություն եւ լոլիկ հասկացություները. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
13:53 30/05/2026
Հայաստան

Արդյոք լոկ չիմացությո՞ւնն է, երբ հակադրվում են ինքնիշխանություն եւ լոլիկ հասկացություները. Քաղաքական վերլուծաբան

«Պետության շահերը ավելի կարեւոր են, քան լոլիկը, ինքնիշխանությունը չենք կարող ստորադասել լոլիկին: Սրանք մտքեր են, որ արտահայտել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը: Հիշեցնեմ, որ նրա «մտքերից» է նաեւ այն, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը՝ Արցախի դեմ ադրբեջանական եզրափակիչ ագրեսիայի օրը, «Հայաստանի իրական անկախության օրն է»:

Այդպիսով, «ինքնիշխանությունը ավելի կարեւոր է, քան լոլիկը», ասում է նախարարի պաշտոն զբաղեցնող մարդը, այդպիսով վկայելով, որ ինքնիշխանությունը պատկերացնում է միայն պաթետիկ կենացի կամ մամուլի վերնագրի մակարդակով, այլ ոչ թե՝ ըստ էության»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Որովհետեւ ըստ էության, ինքնիշխանությունը կազմված է, կառուցված է նաեւ լոլիկից, ծաղկից, կոնյակից, Ջերմուկից, Հայաստանում ստեղծվող այլ արժեքներին, արտադրվող այլ ապրանքներից, Հայաստանի տնտեսությունից:

Երբ «ինքնիշխանությունը»՝ հռչակված այդ երեւույթը սկսում է հակասել տնտեսությանը, ապա նշանակում է, որ գործ ունենք ոչ թե ինքնիշխանության, այլ պետության հանդեպ «կուսակցական ինքնիրավչության» հետ, որի բուն եւ իրական նպատակը ոչ թե ինքնիշխանությունն է, այլ պարզապես՝ անձնական, խմբային կամ կուսակցական իշխանությունը:

Իսկ բուն ինքնիշխանությունը արտահայտվում է որեւէ խոշոր առեւտրային գործընկերոջ հետ հարաբերությունը չհասցնել այնպիսի կետի, երբ հարկ է առաջանում դեկլարատիվ ինքնիշխանության մասին խոսակցությամբ ծածկել իրական քաղաքական ապաշնորհությունը:

Այստեղ պետք է նկատել մի հանգամանք: Արդյո՞ք լոկ չիմացությունն է, երբ հակադրվում են ինքնիշխանություն եւ լոլիկ հասկացություները:
Կարծում եմ, որ՝ ոչ: 
Եթե մենք դիտարկենք ընդհանրապես մատուցվող «ինքնիշխանության» տրամաբանությունը, ապա մենք տեսնում ենք, որ «բանալին» Թուրքիան ու Ադրբեջանն են: Օրինակ՝ նույնը գազի, էներգակիրների պարագայում: Եվ առհասարակ, դա արդեն շատ բաց կոնցեպտ է՝ «իրական Հայաստան»:

Իսկ ի՞նչ են Թուրքիան ու Ադրբեջանը, եւ հատկապես Թուրքիան: Այո, ագրարային մեծ կարողություն եւ ներուժ ունեցողներ: Ի՞նչ պետք է անել, որ նրանց ներուժը ստանա նաեւ դեպի Հայաստան ծավալվելու հնարավորություն: Պետք է հնարավորինս չեզոքացնել Հայաստանի ագրարային պոտենցիալը: Այստեղ մեծ ջանք պետք չէ, պետք է պարզապես մարդկանց «գիտակցության» մեջ «փոխանակել» լոլիկն ու ինքնիշխանությունը:

Բայց միթե՞ Հայաստանի ագրարային ոլորտում զբաղված մարդիկ այդքան պրիմիտիվ են, չպատկերացնելու համար, որ ինքնիշխանությունը հենց այն է, երբ իրենք կարողանում են ստեղծել եւ իրացնել իրենց ստեղծածը, դրանից ստացվող հարկերով պահելով այնպիսի կառավարությունը, որը ընդլայնում է իրենց ստեղծածը իրացնելու հնարավորությունը, այլ ոչ թե հակառակը՝ սահմանափակում ու ստեղծում խնդիրներ»։

Լուսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder