Կանադացի նախկին խոհարարը մեղավոր է ճանաչվել մшհшբեր նյութերի վաճառքի համար
Իրավունք
12:04 30/05/2026
Աշխարհ

Կանադացի նախկին խոհարարը մեղավոր է ճանաչվել մшհшբեր նյութերի վաճառքի համար

Կանադայում 60-ամյա Քենեթ Լոուն մեղավոր է ճանաչվել ինքնասպանություններին օժանդակելու 14 դրվագով՝ ընդունելով, որ առցանց վաճառել է մահաբեր թունավոր քիմիական նյութեր։ Հայտնում է BBC News-ը։

Կանադայի իշխանությունների տվյալներով՝ նախկին խոհարար Լոուն շուրջ 1200 փաթեթ թունավոր նյութեր է վաճառել աշխարհի 40 երկրներում բնակվող մարդկանց, որոնց հետ ծանոթացել էր ինքնասպանության թեմայով առցանց հարթակներում։ Վաճառված նյութերի զգալի մասը՝ մոտ մեկ քառորդը, ուղարկվել է Միացյալ Թագավորություն։

Թեև ներկայիս մեղադրանքները վերաբերում են միայն կանադացի զոհերին, քննիչները պնդում են, որ Լոուի մատակարարած նյութերը կարող են կապված լինել նաև առնվազն 79 բրիտանացիների մահվան հետ։ Զոհերի ընտանիքները դժգոհություն են հայտնել, որ Միացյալ Թագավորության դատախազությունը չի պատրաստվում առանձին մեղադրանքներ առաջադրել Լոուի դեմ։

Մեծ Բրիտանիայի Թագի դատախազության ծառայությունը (CPS) հայտարարել է, որ համաձայնել է կանադական գործարքին, քանի որ Լոուի դատավճռի կայացման ընթացքում հաշվի կառնվեն նաև բրիտանացի զոհերի մահվան հանգամանքները։ Ըստ CPS-ի՝ արտահանձնման գործընթացը կարող էր տարիներ տևել և չուներ հաջողության երաշխիք։

Լոուի գործով տուժած ընտանիքներից մեկը Օնտարիոյից է։ 19-ամյա Աշտին Պրոսեր-Բլեյքը 2023 թվականի մարտին ինքնասպան է եղել՝ օգտագործելով Լոուի կողմից վաճառված նյութերից մեկը։

Քենեթ Լոուն ձերբակալվել է 2023 թվականի մայիսին՝ միջազգային լայնածավալ հետաքննությունից հետո, որին մասնակցել են ավելի քան տասը երկրների իրավապահ մարմիններ։ Նրա ձերբակալությանը նախորդել էր «The Times»-ի լրագրողական հետաքննությունը, որի ընթացքում լրագրողը, ներկայանալով որպես գնորդ, կապ էր հաստատել Լոուի հետ։ Ըստ հրապարակման՝ նա ոչ միայն վաճառել է նյութերը, այլև խորհուրդներ տվել դրանց կիրառման վերաբերյալ։

Կանադացի քննիչների տվյալներով՝ Լոուն ղեկավարել է մի քանի կայք, որոնց միջոցով առաջարկվել են նյութեր և սարքավորումներ։ Կանադայի քրեական օրենսգրքի համաձայն՝ ինքնասպանությանը նպաստելու համար նախատեսված է մինչև 14 տարվա ազատազրկում։ Լոուի դատավճռի լսումները նախատեսված են սեպտեմբերի 23-ից սկսվող մի քանի օրերի ընթացքում, երբ դատարանում կներկայացվեն նաև զոհերի ընտանիքների ցուցմունքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder