Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գործերն ավելի լավանալու են, եթե մարդը լինի կամեցող ու բարի։ Մենք արդեն սկսել ենք աշխատանքներ իրականացնել ամբողջ աշխարհում։ Կաննի միջազգային կինոփառատոնում, որտեղ ներկա էին աշխարհի կինոաստղեր և կինոռեսուրսներ, ներկայացվել է մեր ծրագիրը՝ Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Նպատակն այն է, որ 2027-ից սկսած այստեղ հնարավոր լինի նկարահանել ֆիլմեր։ Մեր նախաձեռնությունը լայն արձագանք է ստացել, նույնիսկ միջազգային մամուլի առաջին էջերում խոսվում է դրա մասին՝ «փոքր պետություն, մեծ ամբիցիաներով ժողովուրդ» ձևակերպմամբ»,- այս մասին Սպիտակ քաղաքում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա մանրամասնեց՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև զարգացնել տուրիզմը և ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ։
Ըստ ներկայացված գաղափարի, «եթե ամեն այցելող ծախսի փոքր գումար, կարող ենք ստանալ մեծ ներդրում, որը կմնա մեր երկրում»։ Այդ դեպքում կզարգանան փոքր ու միջին բիզնեսները, կաշխատեն տաքսիստները, արհեստավորները և սպասարկման ոլորտը։
«Տուրիզմը ոսկու հանք է, որը պետք է ճիշտ օգտագործել»,- նշեց Ծառուկյանը ՝ ընդգծելով, որ Հայաստանի պատմական և մշակութային պոտենցիալը դեռ լիարժեք չի օգտագործվում։
Գործարար, քաղաքական գործիչը միաժամանակ ներկայացվում են տնտեսական քաղաքականության գաղափարներ փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ։
Ըստ նրա՝ «մինչև 60 միլիոն դրամ շրջանառության դեպքում հարկային մարմինները չպետք է միջամտեն, որպեսզի մարդը կարողանա կայանալ»։ Ավելի մեծ շրջանառության դեպքում, ըստ նույն մոտեցման, բիզնեսը արդեն կարող է վճարել հարկեր։
«Մարդուն պետք է հնարավորություն տալ, ոչ թե փակել ճանապարհները, մարդը մեկ անգամ է ծնվում և մեկ անգամ է մահանում, պետք է հնարավորություն տալ»,- խոսելով նաև վարկերի համաներման ծրագրի մասին ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց՝ գյուղացիներին պետք է տրամադրել առանց տոկոս վարկեր՝ գարնանը ցանք կատարելու և աշնանը բերք ստանալու համար, քանի որ գյուղացին երկիրը պահող հիմնական ուժն է։
«Կարևորը աշխատատեղն է, մարդկանց ձեռքին գումար լինի, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Ձայն կտաք, ձեր որոշումն է, չեք տա՝ նույնպես ձեր որոշումն է։ Կարևորը ձեր երեխաների ապագան է»,-«Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթները ներկայացնելուց հետո ասաց նա։