Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ–ն մերժեց ԼՀԿ-ի պահանջը․ Իոաննիսյանը պահպանում է դիտորդի կարգավիճակը
ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը, որով պահանջում էր զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից։ Հանձնաժողովը միաժամանակ Դանիել Իոաննիսյանին կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական գրառումներն ու չկրկնել դրանք։
ԿԸՀ այօրվա նիստը վերածվեց ուղիղ քաղաքական հակամարտության։
Քննարկման ժամանակ ԼՀԿ ներկայացուցիչները կոշտ պնդումներով հայտարարեցին, որ Դանիել Իոաննիսյանը՝ որպես դիտորդ, «դուրս է եկել չեզոքության սահմաններից» և իր հրապարակային հայտարարություններով թիրախավորել է քաղաքական ուժերին։ Նրանց ձևակերպմամբ՝ «դիտորդը չի կարող միաժամանակ գնահատել ընտրական գործընթացը և դառնալ դրա մասնակից կողմ»՝ պահանջելով նրան զրկել հավատարմագրումից։
ԿԸՀ դահլիճում այս դիրքորոշումը ուղեկցվեց կոշտ հակադարձումներով։ Իոաննիսյանը հայտարարեց, որ իրեն վերագրվող «քարոզչությունը» իրականում փաստերի հրապարակում է, ոչ թե քաղաքական քարոզ։
«Ես քարոզչություն չեմ արել, ես ներկայացրել եմ փաստեր ու դրանց հիման վրա գնահատականներ։ Եթե դա դիտվում է որպես կողմնակալություն, ապա դա արդեն խոսքի ազատության սահմանափակում է»,– պնդեց նա նիստի ընթացքում։
Քննարկումը, ըստ ԿԸՀ անդամների հարցադրումների, հիմնականում կենտրոնացել է մեկ առանցքի վրա՝ արդյոք ներկայացված նյութերը բավարար իրավական հիմք են դիտորդական հավատարմագրումը դադարեցնելու համար, թե ոչ։ Միաժամանակ բարձրացվեց նաև ավելի լայն հարց, եթե դիտորդի քննադատական գնահատականը հավասարեցվի կողմնակալության, ապա որտեղով է անցնում դիտորդական ինստիտուտի սահմանը։
ԿԸՀ անդամների մեծամասնությունը եկավ այն եզրակացության, որ իրավական փաստարկները բավարար չեն նման կտրուկ քայլի համար, և «քաղաքական գնահատականները չեն կարող դառնալ դիտորդին համակարգից դուրս մղելու հիմք»։
Արդյունքում՝ ԼՀԿ-ի նախաձեռնությունը մերժվեց, իսկ Իոաննիսյանը պահպանեց իր դիտորդական հավատարմագրումը։