Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հունիսի 1-ին խոսելով մեր երեխաների մասին՝ առաջին հերթին պետք է հարց տանք՝ ի՞նչ հայրենիքում են նրանք ապրելու և մեծանալու, ի՞նչ հայրենիք ենք մենք ժառանգելու հաջորդ սերունդներին»,- Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարպետյանը։
Նա նշեց՝ երբ փոքր էին և ուսումնասիրում էին հայոց պատմությունը, կարդում էին այնպիսի ողբերգական էջեր, որ թվում էր՝ դրանք այլևս երբեք չեն կրկնվելու։
«Մտածում էինք, որ այդ էջերը փակված են, և մեր սերունդը տեսնելու է միայն խաղաղություն ու զարգացում։ Սակայն տարիների ընթացքում, ապրելով Հայաստանում և ականատես լինելով այն դժվարություններին, որոնց մեր երկիրը բախվեց վերջին 8-10 տարիներին, հասկացա, որ պատմության շրջադարձային փուլերից մեկում ենք գտնվում»,- նշեց Կարպետյանը։
Խոսելով երկրի առաջ ծառացած խնդիրների մասին՝ Կարապետյանն ընդգծեց, այսօր էլ կա վտանգ, որ մեր երեխաները նույնպես կարող են առերեսվել այնպիսի երևույթների, ինչպիսիք են պատերազմը, հայրենազրկությունը, աղքատությունը և բազմաթիվ այլ դժվարություններ։
«Մենք՝ պատերազմների, հակասությունների և պառակտումների միջով անցած սերունդը պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք չապրեն նույն փորձությունները,- նշեց Ն. Կարապետյանը։
«Մենք պետք է ամեն օր աշխատենք, ամեն ժամ առաջ շարժվենք և ձգտենք ավելի մրցունակ դառնալ տարածաշրջանում։ Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ տնտեսական մարտահրավերների առաջ, և եթե չկարողանանք փոխել իրավիճակը, դրա հետևանքները կրելու են նաև հաջորդ սերունդները»,-ասաց Կարապետյանը հավելելով, որ մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, կարգապահություն և պատասխանատվություն։
Նարեկ Կարապետյանի խոսքով, Հայաստանը չպետք է լինի կուսակցական երկիր, այլ աշխատանքի և դրա արդյունքների շուրջ համախմբված պետություն։
«Երկրի առաջնորդը պետք է լինի տնտեսագետ: Երկրի առաջնորդ չպետք է լինի դեղին մամուլի ղեկավար: Երկրի առաջնորդ պետք է լինի ֆինանսապես ապահովված մարդ, որովհետև չապահովված մարդը վտանգ է, նախ իր շրջապատն է վտանգ, հետո ինքն է վտանգ, որովհետև իրեն ժամանակ է պետք հագենալու համար»,- նշեց Նարեկ Կարապտյանը։
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքում իշխանության գալու դեպքում իրենք աշխատելու են բոլոր այն մարդկանց հետ, որոնք կարող են հարց լուծել երկրի համար, բայց գլխավոր պայմանն այն է, որ պետք է ունենան մաքուր ձեռքեր ու հայրենին դավաճանած չլինեն։
«Այսօր մեր երկիրը դեռևս բախվում է բազմաթիվ չլուծված հարցերի՝ գործազրկությունից մինչև ջրամատակարարման և անվտանգության խնդիրներ։ Այդ խնդիրները տարիներով պահպանվում են, որովհետև չեն ստացել իրական լուծումներ, ուստի անհրաժեշտ է միասնական աշխատանք և համատեղ պատասխանատվություն։ Մենք պետք է կարողանանք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ մեր երեխաները 20 կամ 30 տարի անց կանգնած չեն լինի նույն հարցերի առաջ և չեն կրկնի այս նույն խոսակցությունը։ Մեր նպատակը պետք է լինի ուժեղ, անվտանգ և զարգացող Հայաստանը, որը վստահությամբ կփոխանցենք մեր երեխաներին»,- խոսքը եզրափակել է Ն. Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը՝ կուսակցության ֆեյսբուքյան էջից։