Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ բուժաշխատողները պայքարում են վիրուսի տարածման դեմ ռեսուրսների պակասի պայմաններում
Աշխարհում
11:12 02/06/2026
Աշխարհ

Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ բուժաշխատողները պայքարում են վիրուսի տարածման դեմ ռեսուրսների պակասի պայմաններում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում առողջապահական համակարգի աշխատողները շարունակում են պայքարել Էբոլայի նոր բռնկման դեմ՝ միաժամանակ բուժելով հիվանդներին և փորձելով կանխել վիրուսի հետագա տարածումը։  CNN-ի հաղորդմամբ, նրանց աշխատանքը դժվարանում է ինչպես բժշկական սարքավորումների և պաշտպանիչ միջոցների պակասի, այնպես էլ տարածաշրջանում շարունակվող զինված հակամարտության պատճառով։

Էբոլայի կասկածելի և հաստատված բոլոր հիվանդները մեկուսացվում են բուժման հատուկ կենտրոններում։ Բժշկական անձնակազմը հիվանդների հետ աշխատելիս ստիպված է օգտագործել լիարժեք անհատական պաշտպանիչ միջոցներ՝ վարակման վտանգը նվազեցնելու համար։

Բռնկման դեմ պայքարում կարևոր դեր է խաղում «Cube» կոչվող սարքը, որը թափանցիկ մեկուսացման խցիկ է։ Այն հնարավորություն է տալիս բուժաշխատողներին խնամել հիվանդներին առանց անմիջական շփման՝ օգտագործելով խցիկին ամրացված հատուկ ձեռնոցներ։ Սարքը մշակվել է 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած Էբոլայի համաճարակից հետո։

Սակայն բուժաշխատողները բախվում են անհատական պաշտպանիչ միջոցների և թեստավորման հավաքածուների պակասի խնդրին։ Բուժքույրերի միջազգային խորհուրդը հայտարարել է, որ բազմաթիվ բուժքույրեր անհանգստացած են իրենց անվտանգության համար, քանի որ չունեն անհրաժեշտ պաշտպանական սարքավորումներ։

Վիրուսը տարածվում է օրգանիզմի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով, այդպիսին է վարակված մարդկանց կամ կենդանիների արյունը։ Հիվանդության վաղ ախտանիշները՝ ջերմությունը, գլխացավը, թուլությունը, մկանային ցավերը, հաճախ նման են մալարիայի կամ տիֆի ախտանիշներին, ինչի պատճառով հիվանդության հայտնաբերումը դժվարանում է։ Ավելի ուշ փուլերում կարող են ի հայտ գալ արյունահոսություններ։

Առողջապահական համակարգի աշխատողները նշում են, որ դեպքերի հաստատման գործընթացի ուշացումները նպաստել են վիրուսի տարածմանը Իտուրիից դեպի Հյուսիսային և Հարավային Կիվու նահանգներ, ինչպես նաև հարևան Ուգանդա։

Պաշտոնական տվյալներով, գրանցվել է ավելի քան 282 հաստատված դեպք, որոնցից 42-ը մահվան ելքով են ավարտվել։ Միաժամանակ արձանագրվել է ավելի քան 1000 կասկածելի դեպք։

Քանի որ Էբոլայի դեմ հաստատված բուժում դեռևս չկա, հիվանդներին հիմնականում ցուցաբերվում է աջակցող բուժում։ Նրանք ստանում են թթվածին, ներերակային հեղուկներ և այլ միջոցներ, որոնք օգնում են հաղթահարել հիվանդության ախտանիշները։

Մասնագետների խոսքով, Էբոլայի բուժման ընթացքում կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցությունը։ Cube սարքի կիրառումը հնարավորություն է տալիս ընտանիքի անդամներին տեսնել իրենց հարազատներին՝ առանց վարակման վտանգի, ինչը բարելավում է հիվանդների հոգեբանական վիճակը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ հակամարտությունը խոչընդոտում է հիվանդների հայտնաբերմանը, մեկուսացմանը և համայնքների հետ վստահության ձևավորմանը։

Նրա խոսքով, առողջապահական հաստատությունների վրա հարձակումները և անվտանգության խնդիրները դժվարացնում են հիվանդների ու նրանց շփումների շրջանակի հետևումը։ Այդ պատճառով ԱՀԿ-ն կոչ է արել հակամարտող կողմերին ապահովել մարդասիրական կազմակերպությունների անվտանգ աշխատանքը։

Չնայած առկա դժվարություններին՝ միջազգային կազմակերպությունները շարունակում են աշխատել ինչպես կառավարության, այնպես էլ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ փորձելով զսպել հիվանդության տարածումը և փրկել հնարավորինս շատ կյանքեր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էբոլայի բռնկումը Կոնգոյում․ բուժաշխատողները պայքարում են վիրուսի տարածման դեմ ռեսուրսների պակասի պայմաններում