Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բռնшբшրության մեղադրանքը կեղծ էր. Google-ի նախկին գործադիր տնօրենի սիրուհին պարտվեց դատարանում
Տեխնոլոգիական աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի դեմ ներկայացված բռնաբարության և սեռական բռնության սկանդալային մեղադրանքները լուրջ շրջադարձ են ստացել։
Pagesix-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոն նահանգի դատավոր Բեթ Անդրուսի որոշմամբ՝ նախկին սիրուհի Միշել Ռիտերի պնդումները ճանաչվել են կեղծ, իսկ կնոջը պարտավորեցրել են վճարել ավելի քան 10 միլիոն դոլարի փոխհատուցում։
Ռիտերը, ըստ որոշման, «կեղծ և չարամիտ կերպով» մեղադրել է Շմիդտին սեռական բռնության մեջ և ամեն կերպ խուսափել է իր պնդումների վերաբերյալ հարցաքննությունից։ Անդրուսը նշել է, որ Ռիտերի ներկայացրած պատմությունը հակասում է նախկինում ստորագրված պաշտոնական հայտարարագրին, որտեղ նա հաստատել էր, որ Շմիդտի հետ ունեցած բոլոր հարաբերությունները եղել են «լիովին փոխադարձ համաձայնությամբ» և առանց որևէ հարկադրանքի։
Գործը հատկապես աղմկահարույց է այն պատճառով, որ Ռիտերը նախկինում հրապարակայնորեն պնդել էր, թե Շմիդտը բռնաբարել է իրեն զբոսանավում և հետագայում սեռական բռնության է ենթարկել նաև «Burning Man» փառատոնի ժամանակ։ Նա նաև մեղադրել էր միլիարդատիրոջը հետապնդման, գաղտնի լուսանկարահանման և նույնիսկ տեխնոլոգիական լրտեսության մեջ։
Սակայն որոշման մեջ դատավորը ոչ միայն մերժել է այդ մեղադրանքները, այլև հայտարարել, որ նման կեղծ պնդումները վնասում են իրական զոհերին և խաթարում արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը։ Նրա խոսքով՝ Ռիտերը փորձել է օգտագործել հանրային հարթակներն ու սոցցանցերը անձնական նպատակներով ճնշում գործադրելու համար։
Չնայած այս պարտությանը, Ռիտերը չի հանձնվում։ Նա արդեն հայց է ներկայացրել Կալիֆոռնիայում՝ վիճարկելով որոշումը և պնդելով, որ ինքն է դարձել «գործընթացի չարաշահման» զոհը։
Այսպիսով, սկանդալը դեռ ավարտված չէ, սակայն ներկայում իրավական առավելությունը ակնհայտորեն Շմիդտի կողմն է, իսկ Ռիտերի համար գործը վերածվել է ոչ միայն հեղինակության, այլև միլիոնավոր դոլարների հարցի։