Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նավաստիները սթրեսի մեջ են և ուժասպառ. Ավելի քան 1600 նավեր չեն կարողանում լքել Պարսից ծոցը
ԱՄՆ-Իսրայել- Իրան հակամարտության հետևանքով Հորմուզի նեղուցում և դրա հարակից ջրերում ամիսներ շարունակ փակված են մնում հազարավոր նավաստիներ։ Այս մասին հայտնւմ է BBC-ն։
Աշխարհի ամենածանրաբեռնված ծովային ուղիներից մեկը համարվող նեղուցը փաստացի կաթվածահար է, ինչի հետևանքով ավելի քան 1600 առևտրային նավեր չեն կարողանում լքել Պարսից ծոցը։
Բազմաթիվ նավեր արդեն երեք ամիս գտնվում են պատերազմական գոտում։ Նավաստիները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, սակայն մշտական լարվածությունը, հրթիռային հարվածների վտանգը և անորոշ ապագան զգալիորեն ազդում են նրանց հոգեկան առողջության վրա։
Նավերը ստիպված են խարիսխ գցել կամ տեղափոխվել ավելի անվտանգ հատվածներ, սակայն ժամանակի ընթացքում ավելի սուր է դառնում սննդի և խմելու ջրի խնդիրը։
«Banglar Joyjatra»-ի գլխավոր ինժեների խոսքով՝ ընդամենը 180 տոննա ջրի համար նավը վերջերս վճարել է 11 հազար դոլար, մինչդեռ նախկինում նույն քանակի ջուրն արժեր ընդամենը 1500-2000 դոլար։
Նավաստիները նաև դժգոհում են, որ որոշ մատակարարներ օգտվում են ստեղծված իրավիճակից և արհեստականորեն բարձրացնում գները։
Ամառային շոգի պայմաններում խնդիրը կարող է էլ ավելի խորանալ։ Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը հաճախ գերազանցում է 40-45 աստիճանը, ինչը մեծացնում է ջրի պահանջարկը։
Չնայած հրադադարին՝ նավաստիները շարունակում են ականատես լինել ռազմական ակտիվության։ Նրանք պարբերաբար տեսնում են անօդաչու թռչող սարքեր, կործանիչներ, ռազմածովային նավեր և սուզանավեր։
Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ հակամարտության ընթացքում գրանցված առնվազն 39 միջադեպերի հետևանքով զոհվել է 11 նավաստի, ևս մեկը համարվում է անհետ կորած։
Ստեղծված իրավիճակը լուրջ հարված է հասցնում նաև նավագնացության ոլորտին։ Շատ նավաստիների պայմանագրերի ժամկետներն ավարտվում են, սակայն անձնակազմի փոխարինումը գործնականում անհնար է դարձել։
Փետրվարի վերջից ի վեր մոտ 750 նավ կարողացել է անցնել Հորմուզի նեղուցով։ Փորձագետների կարծիքով՝ դա հիմնականում հաջողվել է Իրանի հետ ուղիղ բանակցությունների և հատուկ պայմանավորվածությունների շնորհիվ։
Որոշ դեպքերում էլ նավերի սեփականատերերը վճարում են հազարավոր դոլարներ՝ անցնելու թույլտվություն ստանալու համար, սակայն դա ոչ բոլորի համար է հասանելի։
Այսպիսով, հազարավոր նավաստիներ շարունակում են մնալ Պարսից ծոցում՝ սպասելով քաղաքական լուծման։ Մինչ դիվանագետները բանակցում են, նրանց համար ամեն օր վերածվում է գոյատևման, անորոշության և տուն վերադառնալու հույսի պայքարի։
Հիշեցնենք, որ հակամարտության սկսվելուց օրեր անց Իրանը փակեց Հորմուզի նեղուցը՝ Պարսից ծոցից դուրս գալու հիմնական և գրեթե միակ ծովային ճանապարհը։ Թեև ապրիլին հրադադար հայտարարվեց, նեղուցի գործունեությունը լիարժեք չի վերականգնվել։