Քաղաքական վերլուծաբան. Մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանի՝ նկատելի ինստիտուցիոնալ ներգրավումը քաղաքական պրոցես, որը փոխում է իրավիճակը
Քաղաքական
11:57 04/06/2026
Հայաստան

Քաղաքական վերլուծաբան. Մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանի՝ նկատելի ինստիտուցիոնալ ներգրավումը քաղաքական պրոցես, որը փոխում է իրավիճակը

«Հանրահավաքն ինքնին՝ իհարկե ցուցադրություն է, ինչպես կասեին խորհրդային հովերով մարզական մեկնաբանները՝ ստուգատես:

Այդ իմաստով, Ուժեղ Հայաստանը «անցավ ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ»: Թերեւս, վերջին տարիներին ամենաբազմամարդ հանրահավաքն էր, եւ այստեղ իհարկե հասկանալի է, որ աշխատել է կազմակերպական ջանքը: Սա ինքնին կարեւոր է ընտրական պրոցեսում, հաշվի առնելով առավել եւս այն, որ գործող իշխանությունը ակնհայտորեն թիրախավորել է հենց այդ կազմակերպաման մեքենան՝ կուսակցության տարբեր ֆունկցիոներներին թիրախավորելով»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Իհարկե կազմակերպական էֆեկտիվության մասով՝ հանրահավաքը ցուցիչ է, բայց անշուշտ ոչ ամբողջական ինդիկատոր բուն եւ գլխավոր արարի՝ քվեարկության հարցում:

Միեւնույն ժամանակ, հանրահավաքը ցույց տվեց, որ Հայաստանում կա իրավիճակի փոփոխություն: Սամվել Կարապետյանին հաջողվել է փոխել իրավիճակը նվազագույն, նախադրյալային անհրաժեշտության մակարդակում: Մասնավորապես, փոփոխություն այն կետի համեմատ, որ առկա էր մինչեւ խաղի մեջ Սամվել Կարապետյանի ներգրավումը: Օրինակ, դրանից առաջ վերջին բազմամարդ հանրահավաքը եղել էր 2024 թվականի մայիսի 9-ին՝ Բագրատ Սրբազանի անցկացրածը: Իսկ դրանից առաջ էլ վերջինը՝ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական հանրահավաքը:

Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանը պահելով իր կայուն էլեկտորատը, այն այդուհանդերձ չի ավելացրել վճռորոշ ծավալով: Միեւնույն ժամանակ, Բագրատ Սրբազանի շարժումը ինստիտուցիոնալ չէր եւ այդպես էլ չինստիտուցիոնալացվեց, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Ես առիթ եմ ունեցել ասելու, որ այդ շարժումը կատարեց իր բուն դերը այդ շրջանում, ըստ էության կասեցնելով Հայաստանի հանդեպ այն միակողմանի պահանջների ալիքը, որ մեկնարկել էր Կիրանցով:

Այժմ մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանի՝ նկատելի ինստիտուցիոնալ ներգրավումը քաղաքական պրոցես, որը փոխում է իրավիճակը եւ Հայաստանում հնարավոր դարձնում այդպիսի բազմամարդ հանրահավաք: Կրկնեմ, սա արդեն իսկ իրավիճակի փոփոխության ցուցիչ է, որը սակայն պետք է ընդդիմության, Կարապետյանի թիմի համար լինի ոչ թե ինքնագոհության եւ հանգստության, այլ հակառակը՝ պատասխանատվության նշաձող, թե հանրության առաջ, թե առավել եւս հենց ինստիտուցիոնալ իրողության ծավալման եւ ամրապնդման համար:

Ընդ որում, սա էքզիստենցիալ խնդիր է, նույնիսկ անկախ ընտրության արդյունքից: Իհարկե հսկայական տնտեսական համակարգ կառուցած՝ այն էլ զրոյից այդպիսի համակարգ կառուցած մարդուն թերեւս միանգամայն ավելորդ է ներկայացնել այդ անելիքները: Միեւնույն ժամանակ, սրա մասին խոսելը իհարկե երբեք ավելորդ չէ, նաեւ այդ իմաստով ընդհանուր մթնոլորտում էյֆորիայի վտանգավոր ավելցուկ թույլ չտալու համար: Իրավիճակի փոփոխությունն ակնառու է, բայց, գոնե առայժմ՝ դեռ ոչ անշրջելի:

Իսկ անշրջելիության համար դեռ կա էական աշխատանքի անհրաժեշտություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder