Մկների համաճարակը սպառնում է գյուղատնտեսությանը. ինչ խնդիրների են բախվում ավստրալացի ֆերմերները
Աշխարհում
11:53 06/06/2026
Աշխարհ

Մկների համաճարակը սպառնում է գյուղատնտեսությանը. ինչ խնդիրների են բախվում ավստրալացի ֆերմերները

Ավստրալիայի մի շարք գյուղատնտեսական շրջաններում մկների զանգվածային բազմացումը լուրջ խնդիրներ է ստեղծել ֆերմերների համար։ Այս մասին հայտնում է  BBC-ն։

Կրծողները ոչ միայն վնասում են տները և պահեստները, այլև մեծ վնաս են հասցնում հացահատիկային մշակաբույսերին՝ ոչնչացնելով ցանքատարածքների զգալի մասը։

Ֆերմերներն արդեն բախվում են վառելիքի և պարարտանյութերի մատակարարման դժվարությունների, իսկ մկների համաճարակը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել նրանց համար։ Շատերը ստիպված են եղել հարյուր հազարավոր դոլարներ ծախսել վնասված դաշտերը վերացնելու կամ հատուկ թունավորված սերմեր օգտագործելու համար՝ մկների տարածումը կանխելու նպատակով։

Արևմտյան Ավստրալիայի Մինգենյու բնակավայրում գործող ֆերմեր Ջեֆ Քոսգրովը, որը 14 հազար հեկտար հողատարածքում աճեցնում է ցորեն, կանոլա, լուպին և գարի, նշում է, որ ներկայիս իրավիճակը նույնիսկ ավելի ծանր է, քան 2021 թվականի հայտնի մկների համաճարակը։ Նրա խոսքով, մկները ոչ միայն տնտեսական վնաս են հասցնում, այլև հոգեբանական ճնշում են ստեղծում՝ գիշերները ներթափանցելով շենքեր և վնասելով սարքավորումները։

Մասնագետների կարծիքով, համաճարակի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարվա առատ բերքն է եղել։ Բերքահավաքից հետո դաշտերում մնացած մեծ քանակությամբ հացահատիկը մկների համար սննդի հարուստ աղբյուր է դարձել։ Բացի այդ, ամառային տեղումները նպաստել են նոր բուսականության աճին՝ ստեղծելով գրեթե իդեալական պայմաններ կրծողների արագ բազմացման համար։

Նոլբա շրջանի ֆերմերները  պատմում են, որ իր կանոլայի դաշտերում մեկ հեկտարի վրա կարող է լինել մինչև 10 հազար մուկ։ Նրանց խոսքով, մկները հիմնականում մնում են դաշտերում, որտեղ սննդի առատություն կա, և շարունակում են վնասել նոր ցանքերը։

Գյուղատնտեսները մտավախություն ունեն, որ եթե առաջիկա ամիսներին արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն, մկների թվաքանակը կարող է ավելի աճել՝ վտանգելով ինչպես բերքատվությունը, այնպես էլ Ավստրալիայի հացահատիկի արտահանման ծավալները։ Ֆերմերները կոչ են անում իշխանություններին աջակցել վնասների նվազեցման և համաճարակի դեմ պայքարի ծրագրերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder