Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մի քանի ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում Իրանը պահպանել է իր սկզբնական հրթիռային զինանոցի ընդամենը 21–22 տոկոսը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա գնահատմամբ, ամերիկյան հարվածները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը։ Թրամփի խոսքով, շարքից հանվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանների մեծ մասը, ոչնչացվել են բազմաթիվ արձակման հարթակներ, ինչպես նաև խոցվել են հրթիռների արտադրությամբ զբաղվող մի շարք ձեռնարկություններ։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը դեռևս պահպանում է պատասխան հարվածներ հասցնելու կարողությունը։ Որպես օրինակ նա մատնանշել է Պարսից ծոցի տարածաշրջանում վերջին հարձակումները, այդ թվում՝ Քուվեյթի ուղղությամբ իրականացված գործողությունները։ Նրա խոսքով, Թեհրանի մնացած զինանոցը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել, թեև դրա ծավալներն անհամեմատ փոքր են նախապատերազմյան մակարդակի համեմատ։
Անդրադառնալով արդեն չորրորդ ամիսը շարունակվող հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը դեռևս չի համաձայնել Վաշինգտոնի առաջարկած պայմաններին՝ «ուժի» և «հպարտության» պատճառով։ Այնուամենայնիվ, նա համոզմունք է հայտնել, որ ի վերջո Թեհրանը ստիպված կլինի գնալ համաձայնության։
«Նրանք ուժեղ են, նրանք հպարտ են։ Նրանք ստիպված կլինեն անել բաներ, որոնք երբեք չէին մտածել անել։ Նրանք ընտրություն չունեն, թեև դրա համար որոշ ժամանակ է պետք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև արձագանքել է հակամարտության արագ ավարտ պահանջող քննադատություններին՝ ընդգծելով, որ նման մասշտաբի ռազմական դիմակայությունները սովորաբար երկարատև են լինում։ Համեմատելով իրավիճակը Վիետնամի պատերազմի հետ՝ նա նշել է, որ ներկայիս գործընթացը համեմատաբար կարճ ժամանակ է տևում։
«Ես դրանով զբաղվում եմ ընդամենը երեք ամիս։ Վիետնամի պատերազմը տևել է տասնինը տարի», - նշել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով, վերջին հարվածները իրանական օբյեկտներին կրել են պաշտպանական բնույթ և եղել են պատասխան Իրանի գործողություններին Հորմուզի նեղուցի շրջանում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Էպիկական կատաղություն» գործողությունն ավարտված է։
Թրամփը կրկին շեշտել է, որ ռազմական արշավի հիմնական նպատակը եղել է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Միաժամանակ նա չի բացառել ինչպես դիվանագիտական կարգավորման, այնպես էլ ավելի կոշտ քայլերի հնարավորությունը, եթե բանակցությունները արդյունք չտան։
«Կամ մենք կստորագրենք համաձայնագիրը, կամ կվարվենք այլ կերպ։ Իսկ մյուս տարբերակը այնքան էլ հաճելի չէ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։