Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնն է
Օրվա թեմա
07:58 06/06/2026
Հայաստան

Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնն է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնը։

ժամը 10:30-ին Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ: 

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder